‘Վ. Խաչատրյան. Եթե տնտեսական կանխատեսումը մարգարեություն է, որեւէ ծրագիր ներկայացնել պետք չէ’

987

Անկախության տոնի կապակցությամբ իր ելույթում, անդրադառնալով ԵՏՄ անդամակցության հեռանկարներին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «մեզնից ոչ ոք մարգարե չէ, և մենք չգիտենք, թե [Եվրասիական միությանն անդամակցելուց հետո] ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը զարմանալի է համարում նման հայտարարությունը: Նրա խոսքով, իշխանությունների գործն էլ հենց կանխատեսումներ անելն է եւ այդ կանխատեսումները իրականություն դարձնելը:

«Եթե տնտեսական հարցերի վերաբերյալ կանխատեսումը ներկայացվում է որպես մարգարեություն, նշանակում է՝ առհասարակ որեւէ ծրագիր կազմել եւ երկրի առջեւ որեւէ խնդիր դնել պետք չէ: Մենք ունենք կառավարության ընդունած ծրագրեր, որոնք 3, 5, 10 տարի եւ նույնիսկ ավելի ժամանակահատված են ընդգրկում: Կառավարությունն ունի մինչեւ 2025 թվական հեռանկարային զարգացման ծրագիր: Եթե ելնենք Սերժ Սարգսյանի տրամաբանությունից, դա անլուրջ փաստաթուղթ է, որովհետեւ համոզված եմ, որ կառավարության ղեկավարությունը մարգարեներ չեն», — iLur.am-ի հետ զրորւյցում ասաց Վահագն Խաչատրյանը:

Ըստ տնտեսագետի, իշխանությունը ոչ միայն պետք է կանխատեսումներ անի եւ ձգտի ներկանանացնել դրանք, այլեւ մարդկանց մոտ վստահության մթնոլորտ ստեղծի, որպեսզի նրանք էլ ապագային միտված ծրագրեր կազմեն բիզնեսի թե անձնական կյանքի հետ կապված:

Ինչ վերաբերում է կոնկրետ Եվրասիական տնտեսական միության հեռանկարին, ապա, ըստ Խաչատրյանի, միչ օրս քաղաքացիներին, մասնավորապես՝ բիզնեսի ներկայացուցիչներին չի ներկայացվե, թե ինչ է նշանակում Մաքսային կամ Եվրասիական միությունը:
«Որեւէ հաշվարկ լրացուցիչ մեկնաբանություն՝ կապված ԵՏՄ պայմանագրի հետ, չի ներկայացվում: Ընդամենը խոսքեր են հնչում, որ դրանք նոր հնարավորություններ կստեղծեն: Այնինչ, պետք է այդ հնարավորությունները ներկայացնել թվերով ու համեմատություններով, եթե հաշվի առնենք, որ ԵՄ հետ ասոցացման պայմանագիրն էլ էր նոր հնարավորություններ ստեղծում», — նշեց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանի խոսքով, Սերժ Սարգսյանի այս խոստովանությունը «ամեն ինչ ջրի երես հանեց»:
«Պարզ դարձավ, որ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ է նշանակում ԵՏՄ եւ որ դա ավելի շատ քաղաքական դրդապատճառներով կայացրած որոշում էր, քան տնտեսական: Մեկ անգամ եւս գործող իշանությունը ցույց տվեց, որ չի տիրապետում իրավիճակին, եւ ուղղակի ապրում է այսրոպեական խնդիրներով՝ ապագային միտված որեւէ ծրագիր չի իրականացնում: Իշխանության առջեւ որեւէ ռազմավարական խնդիր դրված չէ, որեւէ ծրագիր, որի արդյունքները կարող է ստանալ ասենք, հինգ տարի հետո: Ընդամենը իշխանություն պահելու խնդիր է դրված: Սրանից էլ կարող ենք եզրակացնել, որ իշխանությունն իրեն սպառել է: Իրենք այլեւս անելիք չունեն», — եզրափակեց մեր զրուցակիցը:

Նախորդ հոդվածը‘Այսպես է կատակում Յայա Տուրեն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը փնտրում է Twitter-ում Բալոտելիին վիրավորած ֆանատներին’