‘Վ.Կարապետյան. ԱԳՆ հերթական ձախողումը’

1533

Հունվարի 22-ին ԱԳՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեց հետևյալ հարցը. «Պարոն նախարար, Ձեր գլխավորած պատվիրակությունը վերջերս եղավ Պանամայում, Պերուում, Կուբայում, արդյոք ճիշտ չե՞ք համարում, դրա փոխարեն՝ աշխատանքներ տանեիք, որպեսզի ընդգրկվեիք Ժնևյան բանակցություններում, որովհետև այնտեղ քննարկվելու է շատ կարևոր հարց՝ Սիրիայի հակամարտությունը, որը տարածաշրջանի առումով շատ ավելի է կապված Հայաստանի հետ, և այնտեղ կա հայ համայնք, որն այսօր լուրջ խնդիրներ ունի, իսկ Ձեր պատվիրակությունն առայժմ Պերու և Պանամա է գնում»:

Ահա ԱԳ նախարարի պատասխանն ամբողջությամբ. «Ձեզ ասեմ հետևյալը. ՄԱԿ-ում մեր ներկայացուցչին մի քանի հարցումներ էին եղել այդ կապակցությամբ, քանի որ Ժնև-2 կոնֆերանսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավերով և իր հովանու տակ է կազմակերպվել: ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչը պատասխան է տվել համաժողովին հրավիրյալների վերաբերյալ։ Նա նշել է, որ համաժողովին հրավիրված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները, Մեծ ութնյակի, Քսանի խմբի անդամ երկրների և դոնոր պետությունները: Ժնևում կոնֆերանսն այսօր է տեղի ունենում։ Սա մի գործընթացի սկիզբ է, որ միջազգային հանրության, Մերձավոր Արևելքի ժողովուրդների, Սիրիայի ժողովրդի ակնկալիքով կարող է բերել հարցերի կարգավորմանը»: 

 

ՄԱԿ-ի ԱԽ-ից, Մեծ 20-ից ու դոնոր (Հոլանդիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Նորվեգիա, Շվեյցարիա Բելգիա, Քուվեյթ, Քաթար) պետություններից բացի՝ Կոնֆերանսին մասնակցել են, մասնավորապես, հետևյալ երկրները՝ Ալժիր, Վատիկան, Լիբանան, Իրաք, Հունաստան, Եգիպտոս և այլն, որոնք չեն մտնում նախարար Նալբանդյանի մատնանշած խմբերի  մեջ: Այսպիսով՝ ՀՀ ԱԳՆ-ն չի իրականացրել իր հիմնական գործառույթը՝ ապահովելու Հայաստանի ներգրավումը կարևորագույն ֆորումներում, Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող համաժողովներում:

Այս կապակցությմաբ կարելի է եզրակացնել, որ նախարար Նալբանդյանը կամ՝

Ա. զբաղեցնելով նման բարձր պետական պաշտոն՝ չի տիրապետում անհրաժեշտ տեղեկությունների, հետևաբար՝ առկա է պրոֆեսիոնալիզմի պակաս,

Բ. Է. Նալբանդյանը անհաջող փորձ է արել քողարկել թերացումը:

Ակնկալում ենք ՀՀ ԱԳՆ արձագանքը:

Վլադիմիր Կարապետյան

Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Նախորդ հոդվածը‘Որոտան-կասկադը $180 մլիլիոնով վաճառվեց ամերիկյան ընկերությանը’
Հաջորդ հոդվածը‘Անկասելի «սաքուլիկը». Տարոնի «պաշտպանության» պաշտպանը Ս. Սարգսյանի հաշվին գործուղում է շահել. Aravot.am’