‘Վ.Կարապետյան. Է. Նալբանդյանն արհամարհում է Ս. Սարգսյանի հանձնարարականը’

1967

ԱԳ նախարարի մամուլի ասուլիսում տրված գնահատականներին www.ilur.am կայքին տված իմ արձագանքում բարձրացրել էի ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր և մատնանշել ՀՀ ԱԳ նախարարի բացթողումները: Հարկ եմ համարում նշել, որ հոդվածում քննադատությունն ուղղված էր ՀՀ ԱԳ նախարարի և իրեն սպասարկող նեղ թիմի գործունեությանը: ՀՀ ԱԳՆ համակարգում աշխատող դիվանագետների ճնշող մեծամասնությունը բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, որոնք իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնում են և վստահաբար երկար տարիներ ծառայեցնելու են ի սպաս մեր պետության: Նույնը չեմ կարող ասել գերատեսչության ղեկավարի մասին, որը, թերանալով արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում, այսօր արդեն բացահայտ արհամարհում է իր վերադասի՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականը: Հիշեցնեմ, որ վերջինս հանձնարարել էր «կառավարության անդամներին՝ հնարավորինի սահմաններում հանգամանալից պարզաբանումներ ներկայացնել մեր հասարակությանը հուզող բոլոր հարցերի շուրջ, ավելի ակտիվ լինել լրատվամիջոցներում և քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու անհատների կողմից հրապարակավ բարձրաձայնվող հարցերի ու խնդիրների վերաբերյալ մեկնաբանություններ տալու հարցում, հարկ եղած դեպքում նույն խնդրի վերաբերյալ արտահայտվել նորից ու նորից, դիտարկել այն մեկ այլ տեսանկյունից, եթե մեկ անգամ մեկնաբանելուց հետո էլի կրկնվում են հարցերը»: 

Հոդվածում բարձրացրած հարցերն էլ ՀՀ ԱԳՆ արձագանքի կարիքն ունեին:

Հունվարի 29-ին մեկ այլ հոդվածով էլ բացահայտել էի Է. Նալբանդյանի աճպարարությունները Սիրիայի հարցով Ժնև 2 կոնֆերանսից Հայաստանին դուրս թողնելու վերաբերյալ: Այն պայմաններում, երբ Հայաստան է տեղափոխվել ավելի քան 15.000 պատերազմից մազապուրծ եղած սիրիահայ, երբ կործանման եզրին է Սիրիայի հարստություններից մեկը՝ հայկական համայնքը, որը, փաստորեն, անպաշտպան է մնացել բոլոր կողմերի գրոհայինների հարձակումներից, Հայաստանը մատը մատին չի խփում մարդասիրական աղետի վերաբերյալ ահագնացող հարցերը հեղինակավոր համաժողովին բարձրաձայնելու համար: Հայաստանի ողջ պետական համակարգը դիտորդի, ավելի ճիշտ՝ խաղից դուրս մնացածի կարգավիճակում հետևում էր, թե ինչպես Արամ կաթողիկոսը ինքնուրույն նշյալ հարցերը հնչեցրեց բարձր հավաքի մասնակիցների առջև, հանդիպում ունեցավ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի դեսպան Լահթար Բրահիմիի հետ  

Այսինքն, Սերժ Սարգսյանի ասած` «քաղաքական կուսակցության կողմից հրապարակավ բարձրաձայնվել են հարցեր ու խնդիրներ, որոնց վերաբերյալ պետք է հնչեին ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունները»:

ՀՀ ԱԳ նախարարի նման կեցվածքը պետական ապարատում քաղցկեղի ուռուցքի նման տարածվող նիհիլիզմի դրսևորում է, այլապես անպատկերացնելի է, որ կառավարության անդամը կարող է նման կերպ արհամարհել վերադասի խոսքը: Հարցն այստեղ ամենևին խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի հարցերին Է. Նալբանդյանի պատասխանը չէ, խնդիրն ավելի խորն է՝ ՀՀ ԱԳ նախարարն արհամարհում է իշխանական ուղղաձիգը, վերադասի կարգադրությունը, հասարակությանը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի կարգադրությունը նրա համար որևէ նշանակություն չունի, առհասարակ կարելի է նրա ասածները բանի տեղ չդնել: Ամենազարմանալին այս պատմության մեջ այն է, որ նախագահի աշխատակազմը կարծես հաշտվել է Է. Նալբանդյանի այսպիսի հանդուգն կեցվածքի հետ և չի կարողանում միջոցներ ձեռնարկել` հարկադրելու ՀՀ ԱԳ նախարարին, որ կատարի Սերժ Սարգսյանի հանձնարարականը: Ավելի քան զավեշտալի է, որ խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ խմբակցությունը նույնպես լռելյայն հետևում է, թե ինչպես է ոտնատակ արվում իրենց ղեկավարի հեղինակությունը, և մասնագիտական կոմպետենտության հետ խնդիր ունեցող ՀՀ ԱԳ նախարարը չի պատասխանում հարցերին, թե ինչու`

-Է. Նալբանդյանը մոլորեցրեց հասարակությանը (չի բացառվում՝ նաև վերադասին), պնդելով, որ Ժնև 2 «համաժողովին հրավիրված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամները, Մեծ ութնյակի, Քսանի խմբի անդամ և դոնոր պետությունները», այն դեպքում , երբ ՄԱԿ-ի ԱԽ-ից, Մեծ 20-ից ու դոնոր (Հոլանդիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Նորվեգիա, Շվեյցարիա Բելգիա, Քուվեյթ, Քաթար) պետություններից բացի՝ Կոնֆերանսին մասնակցել են, մասնավորապես,Ալժիրը, Վատիկանը, Լիբանանը, Իրաքը, Հունաստանը, Եգիպտոսը և այլն, որոնք չեն մտնում նախարար Նալբանդյանի մատնանշած խմբերի  մեջ: Որո՞նք են Համաժողովին Հայաստանի չմասնակցելու իրական պատճառները;

-ԱԳ նախարարը չի բարձրացրել Հայաստանի շրջափակումը հաղթահարելուն ուղղված հարցերը մեր ռազմավարական հարևան Վրաստանի և ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ տեղի ունեցած բանակցություններում` այն պայմաններում, երբ կառավարության մեկ այլ անդամ բացահայտ ընդունել է, որ հենց շրջափակման հետևանքով է Հայաստանը քայքայող արտագաղթը:

-տեղի ունեցավ ներդրումների կտրուկ անկում Հայաստանում: Որո՞նք են պատճառները, որ ծանրագույն սոցիալական վիճակում գտնվող մեր քաղաքացիների միջոցների հաշվին Է. Նալբանդյանը «բացեց» 15 նոր դեսպանություն, սակայն Հայաստանում տեղի ունեցավ ներդրումների անկում 60 տոկոսով: Արդյո՞ք Է. Նալբանդյանի անձնական թերացումը չէ, որ չի կարողացել Հայաստանը ներկայացնել համապատասխան դրական լույսի ներքո: Եթե նա չէ, ապա ո՞վ է պատասխան տալու նման խայտառակ ցուցանիշի համար, որի համար տուժում է Հայաստանի բնակչությունը;

-Է. Նալբանդյանը չի կարողացել տեղից շարժել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կանգ առած գործընթացը:  Վերջին տարիներին ոչ մի երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ո՞վ է պատասխանատու ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնության նման խայտառակ ձախողման համար:

-ՀՀ ԱԳՆ-ն չի բացատրում, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը` ասելով, որ Մաքսային միությանը միանալու հիմքում ազգային շահն է: Ո՞վ է խոսելու այդ ազգային շահի բովանդակության մասին, ո՞վ է հանրությանը ներկայացնելու, թե ժողովուրդն այդ որոշումից ինչ է շահելու, և որո՞նք էին պատճառները՝ հրաժարվելու ԵՄ-ի հետ 4 տարի բանակցվող Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի լսելու Մաքսային միությանը միանալու բոլոր հիմնավորումները:

-ՀՀ ԱԳՆ-ն չի ներկայացնում ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության բոլոր դրական կողմերը: Հայաստանը մշտապես եղել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավորինս խորացման, փոխվստահության ամրապնդման կողմնակից, տնտեսական ոլորտում, մասնավորապես, օգտվում է 1992թ. գործող Ազատ առևտրի պայմանագրի արտոնություններից: Հայաստանի քաղաքական, հասարակական կազմակերպությունները կարիք ունեն մանրամասն բացատրությունների, թե ՄՄ-ին միանալն ինչ նոր հնարավորություններ պետք է ընձեռի հայ-ռուսական համագործակցության զարգացման համար, և արդյո՞ք այդ քայլը չի սահմանափակի Հայաստանի ինքնիշխան որոշում կայացնելու հնարավորությունները:

-ՀՀ ԱԳ նախարարը չի արձագանքել Ղազախստանի նախագահի հայտարարությանը, որը պայմանավորում էր Հայաստանի՝ ՄՄ-ի անդամ դառնալը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ;

-չեն հրապարակում Մաքսային միության ճանապարհային քարտեզի բնօրինակը: Մենք հիմքեր ունենք պնդելու, որ ներկայացված թարգմանությունն ամբողջական չէ;

-ՀՀ ԱԳՆ-ն չի կարողացել պատշաճ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ Հազարամյակի մարտրահրավեր ծրագրի Հայաստանում վերականգնման համար: Ո՞վ է այս թերացման մեղավորը, ո՞ւմ պատճառով է Հայաստանի քաղաքացին զրկվում այդքան անհրաժեշտ միջոցներից;

-Հայաստան չի այցելում որևէ եվրոպական երկրի ղեկավար: Ընդ որում, նման այցելություններ կազմակերպելու հանձնարարականը տրված է ՀՀ անխտիր բոլոր դեսպանություններին:

-այնպիսի ցածր մակարդակի հասցվեցին Հայաստան-ԵՄ հարաբերությունները, որ տապալվում է երկրորդ անընդմեջ Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության նիստը:

-զրկեցին Հայաստանը մեր իսկ պաշտոնյաների կողմից բազմիցս գովազդված դոնորների կոնֆերանսի անցկացումից: Վերջինիս միջոցով հանգանակվելիք գումարները կտրուկ կբարելավեին Հայաստանի բնակչության կենսամակարդակը;

-չնայած պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Հայաստանի պատմական զիջմանը, 6 տարվա ընթացքում չկա որևէ առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում;

-չկա որևէ առաջընթաց ԼՂ  հակամարտության կարգավորման բանակցություններում, ձախողվել է բարձր մակարդակի հերթական հանդիպումը: Որո՞նք են բանակցությունները տեղապտույտից հանելու ՀՀ ԱԳՆ պատկերացումները;

-ԱԳ նախարար Է. Նալբանդյանին հատկացվեցին լրացուցիչ անվտանգության աշխատակիցներ: Նախկին ԱԳ նախարարներից որևէ մեկը չի ունեցել անվտանգությունն ապահովող նման ծախսատար ծառայություն, որքան Է. Նալբանդյանը, չեն ունեցել նման թանկարժեք ավտոմեքենա, որ ունի ԱԳ նախարարը: Ինչո՞վ են պայմանավորված Է. Նալբանդյանի նման վախերը, որ իր ավտոմեքենային Երևանում (!) մեկ հատ էլ անվտանգության ավտոմեքենա է ուղեկցում: Ինչու՞ մենք պետք է վճարենք Է. Նալբանդյանի անհասկանալի ու չհիմնավորված ցանկությունների համար:

Այս հարցերին հրապարակային պատասխանները հնարավորություն կընձեռի ոչ միայն հասարակությանը, այլև արտաքին քաղաքականությամբ զբաղվող պատկան մարմիններին` հասկանալու, թե արդյո՞ք որևէ օգուտ բերել է ԱԳ նախարարի գործունեությունը Հայաստանին: Վստահ եմ, որ ընթերցելով այցելությունների աշխարհագրության մասին վիճակագրական հաշվետվություններն ու դիվանագիտական խորհրդավորությամբ պարուրված մեր հիմնախնդիրների շուրջ ընթացող գործընթացների մասին հերթապահ հաղորդագրությունները, նաև արտաքին քաղաքականության պատասխանատուների մոտ է հարց առաջանում, թե ինչով է իրականում զբաղվում Է. Նալբանդյանը: Նա մի րոպե անգամ չպետք է մոռանա, որ 1992 թվականից իրեն միջին աշխատավարձից տասնապատիկ ավելի աշխատավարձ է տվել Հայաստանի ժողովուրդը, իր բոլոր այցելություններն ու նորանոր արարողակարգային ծախսերն արվում են ժողովրդի` ոչ թե իր սեփական միջոցների հաշվին, հետևաբար` պարտավոր է հաշվետու լինել: Ու լինելու է: 

Այս հոդվածի նպատակը խնդրի բարձրաձայնումն էր, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության և ՀՀ նախագահի աշխատակազմի ուշադրության հրավիրումը ԱԳ նախարարի աղաղակող թերացման՝ Սերժ Սարգսյանի հրահանգը չկատարելու փաստի վրա: Սա պետություն է, և պետական գործառույթները պետք է պատշաճ կատարվեն, որքան էլ ընդդիմությունը քննադատաբար վերաբերվի պետական որոշ ինստիտուտների գործունեությանը:

Եթե Է. Նալբանդյանի մասնագիտական կարողությունները չեն ներում այս հարցերին պատասխանելու՝ սպասում ենք Սերժ Սարգսյանի աշխատակազմի միջամտությանը: 

Նախորդ հոդվածը‘ ԱՊՊԱ պայմանագրեր չկնքած մեքենաների սեփականատերերի նկատմամբ կիրառվում են աբսուրդային սանկցիաներ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում քննարկել են «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու հարցը’