‘Վ. Կարապետյան. Միացե՛ք, միասին հրաժեշտ տանք այս իշխանությանը’

1609

Հայ ազգային կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ազատության հրապարակում մարտի 1-ին կայացած հավաքին՝ նշելով, որ 2011 թվականից ի վեր այն ամենահզորն ու մարդաշատն էր, որն առանձնահատուկ ոգեւորություն առաջացրեց իշխանական պատվերով աշխատող անձանց ու լրատվամիջոցների մոտ: Գրառումն ամբողջությամբ կարող եք ընթերցել ստորեւ.

Հայ ազգային կոնգրեսը 2011 թվականից ի վեր ամենահզոր ու մարդաշատ հանրահավաքն արեց: Դա նշանակում է, որ ժողովուրդը վերահաստատեց իր հավատը Կոնգրեսի նկատամբ, դրական արձագանքեց մեր քաղաքականության հիմնական ուղղություններին: Այս տպավորիչ համախմբումը տեղի ունեցավ ի հեճուկս տարբեր անկյուններից հնչող հոռետեսական գնահատականների, Կոնգրեսի մասնատմանը, քայքայմանն ուղղված իշխանական քայլերին, լրատվական դաշտի, չորս-հինգ լրատվամիջոցի բացառությամբ՝ Կոնգրեսին հայտարարված տոտալ պատերազմին:

Հանրահավաքին գնահատեցինք ԱԺ-ում օրակարգ ձևավորող «ոսկե քառյակի» գործունեությունը, քաղաքացիական հասարակությանը լայն համագործակցության առաջարկ արեցինք: Ուրախ եմ, որ պատգամները դրական են ընդունվել, և համագործակցությունը միայն խորանալու է:
Հանրահավաքը բոլորին ուրախացրեց: Համախոհներից ու դաշնակիցներից բացի՝ առանձնահատուկ ոգևորվեցին իշխանական պատվերով աշխատող անձինք ու լրատվամիջոցները: Այսօրվանից սկսած՝ լրացուցիչ ֆոնդեր կստեղծվեն՝ նոր շունչ հաղորդելու նրանց, ում միակ նպատակը վհատեցնելն է ժողովրդին: Սրանք ուրիշ անելիք չունեն՝ չեն կարող գովերգել Սերժին՝ կբացահայտվեն, չեն կարող պարզ քննադատել Կոնգրեսին՝ նույն պատճառով: Մնում է միայն աղավաղել փաստերը և օրուգիշեր կրկնել «իշխանության և ընդդիմության միջև տարբերություն չկա» թեզը:

Պատվիրովի վերլուծագանգերը և «անհատ գործիչներն» այսօր քննադատելու են Գ. Ծառուկյանին, որ քաղաքականության մեջ է, Տեր-Պետրոսյանին՝ Ծառուկյանի մասին խոսելու համար, Մաքսային միության, Կոնգրեսի մարտավարության համար, այլ հարցերով, ու դրանցից որևէ մեկը չի նշի, որ եթե մենք որևէ ռազմավարական հարցում սխալված լինեինք, ապա ինչպե՞ս պետք է 30.000 մարդ հավատար մեզ ու գար հանրահավաքի: Մենք ունենք մեր տեսլականը, քաղաքականությունը, ռազմավարությունը: Համաձայն եք՝ միացեք, միասին հրաժեշտ տանք այս իշխանությանը: Համաձայն չեք, բայց ցանկանում եք իշխանափոխություն՝ ձեր կողքին կլինենք մեր 30.000, 60.000 կամ վեց հարյուր հազար աջակիցների հետ: Իրականացնենք իշխանափոխությունը, հետո դուք կընտրեք ձեր ուղին, մենք էլ՝ մերը:
Այն խումբը, մարդիկ, որոնք պարզապես քննադատում են՝ առանց առաջարկության, դիրքորոշման, տեսլականի, այդպես էլ չեն դուրս գա ֆեյսբուքյան մի քանի տասնյակ հավանողների տիրույթից: Նրանք չեն գնա պայքարի ՄՄ-ից դուրս գալու համար, չեն գնա պիկետներ անի ԵՄ համար: Նրանց գործը Կոնգրեսին քննադատելն է: Խնդրեմ, մենք պատրաստ ենք:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի «Առաջին ալիքը» «խուզել» է «Օսկարի» դափնեկրի խոսքն Ուկրաինայի մասին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’