‘Վ. Կարապետյան. Նրանք այլևս ռեսուրս չունեն Տիգրանին երկար անազատության մեջ պահելու’

1732

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը, մեկնաբանելով այն հանգամանքը, որ Կոնգրեսի ակտիվիստների գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը ուղարկվել է բոլոր կողմերին՝ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քաղաքական որոշում է կայացվել ձգձգել և անազատության մեջ ավելի երկար պահել Տիգրան Առաքելյանին, իրենց՝ երիտասարդներին էլ կախվածության մեջ պահել:

«Չնայած պարզ է, որ որևէ նպատակի իրենք չեն հասնի, և որևէ կաշկանդող ուժ չեն ունենա մերոնց համար նման ձգձգումները, բայց իշխանության իրական երեսը ցույց տալու առումով շատ ցայտուն օրինակ է, թե ոնց կարող են իրենք Վճռաբեկ դատարանի կողմից կայացված վճիռը, թե՝ Վերաքննիչի վճիռը չի համապատասխանում և պետք է վերանայվի, այսքան ձգձգել և չկրել պատասխանատվություն, հետևանքներ չունենա վճռաբեկի վճիռն առ այն, որ գոնե անազատության մեջ գտնող Տիգրան Առաքելյանն ազատվի»,- նշեց Կարապետյանը:

iLur.am-ի դիտարկմանը, թե ընտրությունից ընտրություն խոսվում է, որ իշխանությունները Տիգրանին ազատ կարձակեն, քանի որ իրենց «ձեռք չի տալիս» երկրում քաղբանտարկյալ ունենալ, Կարապետյանը պատասխանեց, որ այդ խոսակցությունները իրենք էլ նետում են ասպարեզ:

«Ոչ մեկս չի մոռացել այս իշխանությունների բնույթը: Սրանք 10 զոհի գնով եկել են իշխանության, իրենց աթոռները պահելու մղումով հարյուրավոր մարդկանց նստեցրել, գցել են բերդ: Մենք ունեինք քաղբանտարկյալներ, մեր վարկանիշը աշխարհով մեկ ընկել էր, մենք զրկվել էինք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից, հիմա կարծես թե զրկվում ենք նաև ԵՄ-ի կողմից հովանավորվող դոնորների կոնֆերանսից, և սա այս իշխանությունների ոճն է, որևէ բան չի փոխվել, պարզապես մարդիկ կարող է մոռանան կամ Սերժ Սարգսյանի ելույթներն ընդունեն որպես փոփոխության նշան, բայց իրականում նույն մարդիկ են, նույն ոճն է, նույն՝ Հայաստանը հետ տանելու, ավելի արևելյան ոճի երկիր դարձնելու մղումներն են»,- նկատեց Կարապետյանը:

Մեր հարցին, թե ինչ հանգամանքների դեպքում իշխանությունը Տիգրան Առաքելյանին ազատ կարձակի, Վ. Կարապետյանն ասաց՝ նրանք այլևս ռեսուրս չունեն Տիգրանին երկար անազատության մեջ պահելու:

«Իրենք պարզապես ապօրինի կերպով են անազատության մեջ պահում քաղաքական ընդդիմախոսներին, հույս ունեմ՝ գոնե մի փոքր ողջախոհություն կլինի, ու, այնուամենայնիվ, շատ շուտով ազատ կարձակվի Տիգրան Առաքելյանը»,- եզրափակեց Վ. Կարապետյանը: 

Նախորդ հոդվածը‘Արդյունաբերողների համար էլեկտրաէներգիան կթանկանա 40%-ով’
Հաջորդ հոդվածը‘Ֆլորենտինո Պերեսի ժամանակաշրջանի մարզիչները’