‘Վ.Կարապետյան. Չի կարող կոռումպացված իշխանական համակարգը առաջնորդել եվրոպական ինտեգրացումը’

1871

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի ելույթը «ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո» Միջազգային համաժողովի ընթացքում:

«Շնորհակալ եմ միջոցառման կազմակերպիչներին հրավերի համար: Համաժողովի անցկացումը այժմէական է, և մեզ` քաղաքական ուժերի ներկայացուցիչներիս համար լավ հնարավորություն է մեր դիրքորոշումները բարձրաձայնելու, ինչպես նաև ներկայացնելու ընթացիկ զարգացումների մեր գնահատականները:

Երեքուկես տարի տևած բանակցություններից հետո Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարումը գործող իշխանությունների արտաքին քաղաքական հերթական ձախողումն էր:

Դրա պատճառները՝ իշխանությունների անհետևողական և անհաշվենկատ գործողություններն են, բանակցությունների կատարյալ գաղտնիությունը, այդ թվում` մեր ռազմավարական գործընկերներից, անհատական և միանձնյա որոշումների կայացումը: Մինչ օրս Հայաստանի հասարակությունը չի ստացել բացատրություններ` անսպասելի շրջադարձի պատճառների, շարժառիթների մասին, ժողովրդին չի ներկայացվել, թե Մաքսային Միություն մտնելով և Ասոցացման համաձայնագրից հրաժարվելով` ինչ օգուտներ կստանա մեր երկիրը:

Նման իշխանությունների պարագայում, թերևս, այլ կերպ չէր էլ կարող լինել. չէ՞-որ այդ մարդիկ 2008թ. զավթել էին իշխանությունը` Մարտի 1-ի սպանդի, բանտերը քաղբանտարկյալներով լցնելու գնով: ՀՀԿ-ն տիրացել է իշխանությանը կեղծելով ընտրությունները, հետևաբար չունի ժողովրդի աջակցությունը բարեփոխումներ կատարելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, հասարակության մեջ առկա հուսալքությունը հաղթահարելու համար: Չի կարող վերից վար կոռումպացված իշխանական համակարգը առաջնորդել Հայաստանի եվրոպական ինտեգրացումը և ցավալիորեն, մեր եվրոպական գործընկերները մեծ ուշացումով հասկացան այս պարզ իրողությունները:

Այս իշխանությունների կառավարումը հանգեցրել է աղքատության անհավանական աճի, ինչպես նաև արտագաղթի՝ անվտանգության սպառնալիքի մակարդակի խորացմանը: Այսօր հասարակության այն հատվածի, որը հավատում էր իշխանությունների անկեղծությանը՝ ԵՄ-ի հետ բանակցություններում, ինչպես նաև ԵՄ ղեկավարություն աչքերը բացվեցին և նրանք բոլորը տեսան, թե իրականում ինչպիսի արժեքներով է առաջնորդվում ՀՀ իշխանությունը:

Այդ նույն մարդիկ են, նույն թիմը, որը ձախողեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որի արդյունքում հայ-թուրքական սահմանի բացման հարցը շաղկապվեց ԼՂ հակամարտության կարգավորման հետ, դադարեցրեց Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, չէին կարող չփչացնեին նաև Հայաստանի եվրոպական ինտեգրացիան: Նրանք արեցին հնարավորը` արժեզրկելու համար այդ գործընթացը, բայց չեն կարողանալու կանգնացնել Հայաստանի զարգացումը:

Ս. Սարգսյանի սեպտեմբերի 3-ի շրջադարձի հետևանքներից է նաև երկու կարևոր խմբերի գործունեության թուլացումը: Խոսքը առաջին հերթին Ասոցացման համաձայնագրի բանակցող խմբի մասին է, որը տարիներ շարունակ աշխատելով ԵՄ գործընկերների հետ` համոզել է վերջիններիս ՀՀ իշխանությունների՝ Եվրոպայի հետ լինելու ցանկության և հաստատակամության մասին: Իմ փորձից կարող եմ վկայել՝ եվրոպացի իմ բոլոր զրուցակիցները հավատացել են այդ հավաստաիացումներին:

Երկրորդ, ավելի ազդեցիկ խումբը՝ Հայաստանի բարեկամներն են եվրոպական ինստիտուտներում՝ ԵՄ, Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի Խորհուրդ: Մի քանի տասնյակ պատգամավորներ և պրոֆեսիոնալներ տարիներ շարունակ ծանրակշիռ լոբբիստական գործունեություն են իրականացրել Հայաստանի համար: Նրանց գործունեության ուղղությունը չէր սահմանափակվում միայն եվրոպական ինտեգրման հարցերով` տարածվելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների հարթություն: Նրանց շնորհիվ է, որ մերոնք կարողանում էին, մասնավորապես, դիմագրավել ադրբեջանա-թուրքական պարբերական հարձակումներին նշված ատյաններում:

Այդ հայանպաստ գործողությունների հիմքում նույնպես մեր բարեկամների հետևողական հավաստիացումներն էին, որ Հայաստանը եվրոպական երկիր է, և եվրոպական ինտեգրացիան ՀՀ իշխանությունների «գիտակցված ընտրությունն է»:

Այսօր նշյալ երկու խմբերն էլ թևաթափ են, հիասթափված և դրա միակ պատճառը պաշտոնական Երևանի ոչ հետևողական քաղաքականությունն է: Այլևս ի՞նչ արժեք պետք է ունենա նրանց խոսքը, եթե տարիների գործը մեկ օրում սխալ է դուրս եկել: Էլ ո՞վ կհավատա այս մարդկանց որևէ հավաստիացումներին՝ Հայաստանի, ՀՀ իշխանությունների բարի մտադրությունների վերաբերյալ:

ՀՀ իշխանությունների չհաշվարկված քայլերի, Հայաստանի բարեկամական խմբերի թուլացման հետևանքով Եվրոպական խորհրդարանը աշնանը ընդունեց բանաձև, որով Հայաստանը, փաստորեն, մեղադրվում է «մեկ այլ պետության տարածքները բռնազավթելու մեջ»: Երեկ, դեկտեմբերի 12-ին էլ Եվրոպական խորհրդարանը ընդունեց մեկ այլ բանաձև, ուր կրկին քննադատական խոսքեր կան Հայաստանի հասցեին:

Անդրադառնալով Հայ Ազգային Կոնգրեսի մոտեցումներին` ցանկանում եմ վերահաստատել, որ Կոնգրեսը կարևորում է եվրոպական ինտեգրման գործընթացը: Նաև ցանկանում եմ հիշեցնել համաժողովներից մեկում կուսակցության փոխնախագահ Լ.Զուրաբյանի խոսքերը. նա նշել էր, որ եթե Ասոցացման համաձայնագիրը բանակցեր Հայ Ազգային Կոնգրեսը, ապա մենք միանշանակորեն կհասնեինք դրա ստորագրմանը: Հաշվենկատ, շրջահայաց, մեր բոլոր գործընկերների մոտեցումները հարգելու ոգով բանակցությունները կհանգեին դրական արդյունքի, որից կշահեր Հայաստանը: Չնայաց հստակ արտահատված դիրքորոշմանը, մամուլում, երկկողմ հանդիպումներում չեն դադարում փորձերը աղավաղելու Կոնգրեսի դիրքորոշումը: Այդ հուսահատ և անհեռանկար փորձերը չեն հասնելու իրենց նպատակին, քանի որ մենք ակտիվ շփումների, գործունեությամբ լսելի կդարձնենք մեր մոտեցումներն ու դիրքորոշումները:

Շնորհակալություն»:

 

Նախորդ հոդվածը‘Պետերբուրգում անբարենպաստ եղանակային պայմանները լուրջ խնդիրներ են հարուցում’
Հաջորդ հոդվածը‘Վրացական մայրուղիներում անբարենպաստ վիճակ է’