‘Վ.Հովհաննիսյան. Պետք է ցույց տալ, որ Սաակաշվիլիին այստեղ ոչ ոք չի սպասում’

936

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, հյուրընկալվելով «A1+»-ի P.S. հաղորդաշարին, անդրադարձել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու վերջին հայտարարություններին:
«Կա արժանապատվության խնդիր: Ի դեպ, արժանապատվությունը արտաքին հարաբերություններում միայն վերացական կամ բարոյական գործոն չէ: Այն շատ ռեալ նյութական գործոն է: Օրինակ՝ Թուրքիան հասավ նրան, որ օրեր առաջ Իսրայելը ներողություն խնդրեց: Ինչ վերաբերում է Սաակաշվիլիին, ապա նա երկու օր առաջ բառացիորեն հայտարարել է, որ աբխազական երկաթուղու բացումը անթույլատրելի է, որովհետև Ադրբեջանը կհայտնվի շրջափակման մեջ: Եվ երկրորդ՝ Վահագն Չախալյանին 6 տարի բանտում պահելու դեպքում Վրաստանի հայաբնակ վայրերում կխոսեին վրացերեն․․․
Հիմա այդ մարդը պատրաստվում է գալ Երևան և ապրիլի 9-ին մասնակցել Ս.Սարգսյանի երդմնակալությանը: Հարց՝ ո՞վ է հրավիրել, ինչպե՞ս կարելի է հրավիրել մեկին, որն իր ժողովրդի կողմից արդեն իսկ մերժված նախագահ է, և Երևան գալուց առաջ իրեն նման հայտարարություններ է թույլ տալիս: Նման հայտարարությունները պատահական չեն արվում: Եվ պաշտոնական Երևանի արժանապատվությունը դրա մեջ է կայանում: Պետք է ցույց տալ, որ Սաակաշվիլիին այստեղ ոչ ոք չի սպասում»,- ասել է Հովհաննիսյանը:

Վերջինս նշել է, որ 20 տարի է, ինչ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, և Սաակաշվիլին իրեն թույլ է տալիս ասել, որ աբխազական երկաթգիծը, որը նոր ճանապարհ է, «թթվածնի մի հնարավորություն է մեր երկրի համար, չպետք է բացվի, որովհետև Ադրբեջանը կհայտնի շրջափակման մեջ,և կվնասի Ադրբեջանի շահերին: Սաակաշվիլիի նման գործիչները այդպիսի բաները պատահական չեն ասում»:
«Իմ խորին համոզմամբ և որպես պատգամավոր՝ ես կարծում եմ, որ պաշտոնական Երևանը պետք է ցույց տա, որ Սաակաշվիլին այստեղ ցանկալի հյուր չէ»,- ասել է Հովհաննիսյանը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը առաջիկա նիստին անհատույց տարածք կտրամադրի «Սեքյուրիթի Դրիմ»-ին, որն առանց այդ էլ մեծ շահույթներ ունի ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ ներկայացուցիչը՝ Ս. Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու մասին. «Օրը կգա, բարին՝ հետը»’