‘Վ.Մանուկյանը հաստատում է՝ Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալին վիրահատելու միջնորդությունն իրենք են ներկայացրել ‘

2506

iLur.am-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Հանրային խորհուրդն է միջնորդել՝Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատության նպատակով 4 միլիոն դրամ գումար տրամադրելու համար:

Վազգեն Մանուկյանը նշեց. «Մենք Էդիկ Գրիգորյանի հոր կողմից ստացել էինք դիմում, որտեղ կցված էին բժշկական փաստաթղթեր, որոնք հաստատում էին, որ իրականում դատապարտյալի կյանքին վտանգ է սպառնում, իսկ այդ դեպքում հարցը օրենքով լուծվում է արդարադատության նախարարության կողմից, որովհետև ինքն է պատասխանատու ձերբակալվածների առողջության համար: Մենք պաշտոնապես դիմել ենք իրենց՝ միջնորդելով, որպեսզի օգնեն, հետագա ընթացքը ինձ ծանոթ չէ արդեն»:

Հարցին, թե արդյո՞ք միջնորդության հարցում դերակատարում ունեցել է այդ գործով դատապարտյալների նկատմամբ Վազգեն Մանուկյանի անձնական համակրանքը (հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Վազգեն Մանուկյանը ահաբեկիչներին անվանել էր «մի խումբ ռոմանտիկներ»), Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ հարցը քաղաքակիրթ չէ, և նմանատիպ հարցերում ինքն առաջնորդվում է ոչ թե մարդու հանցագործ կամ անմեղ լինելով, այլ մարդկային կյանքը փրկելու շարժառիթներով:

Վազգեն Մանուկյանն ի պատասխան մեր այն հարցի, թե արդյո՞ք իրենք շատերին են այդպես օգնում վիրահատվել, տեղեկացրեց, թե այս պահին հանրային խորհրդում է գտնվում վիրահատության նպատակով միջնորդելու եւս երկու հայց, բայց դրանք դեռ քննարկվում են:

Հ.Գ. Հիշեցնենք նաև, որ 2012-ի Հոկտեմբերի 27-ին iLur.am-ի հետ զրույցում Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործին, նշել էր. «Հա, դեպք ա էղել, բռնվել են նրանք, ովքեր որ բռնվել են, ցանկացած հանցագործության մասին կասկած կարող ա առաջանալ, որ ինչ-որ մեկը կա, որ չի բռնվել, բաց ով ուզես, ինչի մասին ուզես կարա կասկածի: Մեծ ողբերգություն է եղել, շատ մեծ դժբախտություն է եղել, բայց հիմա անընդհատ շահարկել հոկտեմբերի 27-ը, ինձ թվում ա, սրբապղծություն ա: Իսկ մենք հոկտեմբերի 27-ից գիտենք էն, ինչ որ գիտենք, ավել բան չենք իմանում: Ենթադրություններ անել չեն ուզում և սրանով ուզում եմ վերջացնել»: 

Նախորդ հոդվածը‘Ավագանու նիստը՝ ոստիկանական շղթայման մեջ. 2 քաղաքացի բերման է ենթարկվել (ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդինյոն «Բեշիքթաշից» պահանջել է 9 մլն € աշխատավարձ’