‘Վ.Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում. ՀՀ դատախազություն’

1806

ՀՀ  և ՌԴ գլխավոր դատախազությունները  քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած  սպանության գործի մանրամասները: Այս մասին է ասվում «Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ» վերտառությամբ հաղորդագրության մեջ, որը քիչ առաջ տարածել է ՀՀ գլխավոր դատախազությունը: Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Երկուստեք ընդգծվել է, որ տեղի  ունեցած ողբերգության  բոլոր  մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝  ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության:

Համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ  որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության:

Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: Հայկական կողմը  հետևողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության»:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘2014 թ. Երևանում ավելի շատ տղա է ծնվել’