‘Վ.Օսկանյան. Առաջիկայում հնարավորություն կլինի կոալիցիա կազմել’

1251

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն ասաց, որ Հայաստանում զուգահեռաբար մի քանի գործընթացներ են տեղի ունենում: Առաջինը` նոր կառավարության ձևավորումն է և կախված նրանից թե ինչպիսին կլինի նոր կառավարությունը`պարզ կդառնա թե իշխանություններն ինչ վերաբերմունք ունեն ժողովրդի, նրա մոտեցումների և խնդիրների վերաբերյալ: Նա հակված է այն տարբերակին, որ ձևավորվելիք կառավարությունը շատ չի տարբերվելու իր նախորդներից և ժողովրդի ձայնն էլ չի թուլանալու: Երկրորդը` Ազատության հրապարակի գործընթացները, երրորդը` խորհրդարանում նոր օրակարգ ձևավորելը, ԸՕ-ի և Սահմանադրական փոփոխություններին ուղղված նախաձեռնությունները: Այս մասին հաղորդում է «Առավոտը»:

Օսկանյանն ասաց, որ ԲՀԿ-ն լրջագույնս է պատրաստվում քաղաքի ընտրություններին, դրանք դիտարկում է երկու հարթությունում. ԲՀԿ-ն կկարողանա երևանցիների խնդիրներին արագ լուծում տալ, արագ վերացնել Երևանի աղճատված դիմագիծը, քաղաքապետարանում բյուրոկրատական քաշքշուկը, գործարարներին հնարավորություն տալ հավասար մասնակցել քաղաքային ծրագրերին: Մյուս հարթությունը`քաղաքականն է: ԲՀԿ-ն կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է քաղաքական մշակույթ կձևավորեն:

Պատասխանելով ընդդիմության չմիավորվելու հարցին էլ՝ բանախոսն ասաց, որ խնդիրը «միահամուռ և նպատակային» չէր դրվել. «Յուրաքանչյուր ուժ ունի իր էլեկտորատը, սա ավելի լավ տարբերակ է: Առաջիկայում կարծում եմ, հնարավորություն կլինի կոալիցիա կազմել»:

Նախորդ հոդվածը‘Դամասկոսի մզկիթում ահաբեկչության զոհերի թիվը հասնում է 42-ի’
Հաջորդ հոդվածը‘Եվս մի ԵՊՀ դասախոս պահանջում է պատժել բուհի որոշ պաշտոնյաներին’