‘Վ.Օսկանյան. Հիրշմանի աշխատությունը անհավատալիորեն արդիական է մեզ համար’

1002

Հայաստանում ստեղծված իրավիճակը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանինհիշեցրել է Ալբերտ Հիրշմանի «Հեռացում, բարձրաձայնում և հավատարմություն» (Exit, Voice, and Loyalty) աշխատությունը:

ԲՀԿ-ական պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեկտեմբերին 97 տարեկան հասակում մահացավ Ալբերտ Հիրշմանը (Albert O. Hirschman), որը հայտնի է 1970թ. իր հեղինակած «Հեռացում, բարձրաձայնում և հավատարմություն» (Exit, Voice, and Loyalty) աշխատությամբ:

Հիրշմանի տեսությունն այն է, որ երբ ինչ-որ իրավիճակի վատացում է տեղի ունենում, մարդիկ դրան արձագանքում են կա՛մ երես թեքելով ու հեռանալով, կա՛մ դրա մասին բարձրաձայնելով ու պայքարելով՝ նպատակ ունենալով իրավիճակը փոխել: Իհարկե այս երկու տարբերակների ընտրության հարցում որոշիչ է կոնկրետ իրավիճակի նկատմամբ հավատարմության գործոնը:

Հիրշմանն ասում է, որ այս մոտեցումը հավասարապես կիրառելի է և՛ սովորական սպառողական մթնոլորտում, և՛ մեծ ու փոքր կազմակերպություններում, և՛ հատկապես պետություններում: Եթե սպառողը դժգոհ է իր օգտագործած ապրանքների որակի կամ ինչ-որ խանութի ծառայությունների վատացումից, նա կա՛մ համազոր այլ ապրանք է գնում, կա՛մ այլ տեղ է գնումը կատարում, կա՛մ, եթե հավատարմություն ունի ապրանքի կամ խանութի նկատմամբ, բողոքում է և փորձում իրավիճակը փոխել:

Եթե ինչ-որ ընկերությունում աշխատողները տեսնում են իրավիճակի ու մթնոլորտի վատացում, նրանք կա՛մ դուրս են գալիս աշխատանքից, կա՛մ բողոքում են ղեկավարությանը և փորձում շտկել իրավիճակը:

Նմանապես, երբ մարդիկ դժգոհ են լինում երկրում առկա վիճակից, կա՛մ պայքարում են այն փոխելու համար, կա՛մ լքում երկիրը: Նրանք, ովքեր լքելու հնարավորություն չունեն, ամբողջական անտարբերություն են ցուցաբերում երկրում ընթացող կամ չընթացող գործընթացների նկատմամբ:

Հաշվի առնելով Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը, արտագաղթի տեմպը և նախագահական մոտալուտ ընտրությունները, Հիրշմանի աշխատությունը անհավատալիորեն արդիական է մեզ համար»:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն ճանաչվել է տարվա լավագույն ակումբային մարզիչ. IFFHS’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում դիմակահանդեսը 5 տարեկան երեխայի մահվան պատճառ է դարձել’