‘Տալլինում կստեղծվի ՆԱՏՕ-ի կիբեռհրաձգարան’

833

Էստոնիայում կստեղծվի ՆԱՏՕ-ի կենտրոն՝ կիբեռանվտանգության մասնագետներ պատրաստելու համար: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Էստոնիայի պաշտպանության նախարար Սվեն Միկսերի և  տրանսֆորմացիայի գծով դաշինքի գլխավոր հրամանատար, ֆրանսիացի գեներալ Ժան-Պոլ Պալոմերոսի կողմից: Այդ մասին հաղորդել է Laane Elu պարբերականը:

«Կիբեռհրաձգարանը» կտեղակայվի մայրաքաղաք Տալլինում: Կենտրոնի բազայի վրա կիրականացվի փորձագետների ուսուցում, և կանցկացվեն զանազան զորավարժություններ՝ տեղեկատվական համակարգերի անվտանգության բնագավառում: «Դա կմեծացնի դաշինքի ներկայությունն Էստոնիայում և թույլ կտա այստեղ հավաքել կիբեռանվտանգության գծով մասնագետների միջազգային թիմ»,- նախագծի իրականացումը մեկնաբանել է մերձբալթյան պետության պաշտպանության նախարարը:

Կիբեռգրոհներից պաշտպանությունն աստիճանաբար հայտնվում է աշխարհի երկրների ուշադրության կենտրոնում: 2011 թ. ԱՄՆ պետդեպարտամենտը ընդունեց մի ռազմավարություն, որի համաձայն՝ ի պատասխան հակերների հարձակման՝ երկիրն իրեն իրավունք կվերապահի զինված հարձակում գործել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում գերակայում է տարածքային ամբողջականության սկզբունքը’
Հաջորդ հոդվածը‘Թաիլանդի վարչապետը հայտարարել է, որ կախարդների զոհ է դարձել’