Տախտակի ձայնը. ՉԻ

773

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեզ նոր Սահմանադրություն է պետք: Ենթադրվում է, որ հերթական այս արկածախնդրությունը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով է արվել: Սրան ավելացավ նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Խորվաթիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ. «Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար»: Սա նույնպես զիջում էր, քանի որ մինչև հիմա Հայաստանը պահանջում էր սահմանազատման գործընթացը ներառել խաղաղության պայմանագրի մեջ, որպես մի ամբողջական փաթեթ: Ադրբեջանը դեմ էր դրան, ու հիմա Հայաստանի իշխանությունները դեմ չեն, որ խաղաղության պայմանագիրն առանձին լինի, իսկ սահմանազատման գործընթացը՝ առանձին: 

Այնպես որ, տարին դեռ նոր է սկսվել, իսկ Հայաստանի իշխանությունները զիջումների շարք են բացել: Չգիտենք՝ ինչ աստիճանի են մեր իշխանություններին պատին գամել, եթե ստիպված ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ ամբողջ Սահմանադրությունը փոխելու մասին են հայտարարում: Շատ լավ գիտակցելով, որ դա չափազանց ծանր հետևանքներ կարող է ունենալ Հանրապետության համար՝ ընդհուպ սպառնալով նրա գոյությանը: 

Մի անգամ արդեն մեր Սահմանադրությունը արմատական կերպով փոխվեց Սերժ Սարգսյանի օրոք, ու դրա հետևանքները մինչև հիմա տեսնում ենք: Ընդ որում, այն ժամանակ՝ 2015-ի նոյեմբերին, Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված հրապարակեց, զգուշացրեց, որ սահմանադրական փոփոխությունները հղի են անկանխատեսելի հետևանքներով, որ խորհրդարանական համակարգը լավ բանի չի բերելու: Այն տեսակետները, որոնք Առաջին նախագահը ներկայացրել էր այդ հոդվածում, արդիական են նաև այսօր, կարելի է նաև սրանց հասցեագրել:

Մենք մի քանի մեջբերումներ անենք այդ հոդվածից. 

«Սահմանադրական բարեփոխումներ կոչված փաթեթն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր սահմանադրության նախագիծ, որովհետև խոսքը վերաբերում է ոչ թե առանձին դրույթների մասնակի ճշգրտումների ու լրացումների, այլ Հայաստանի պետական կառուցվածքի արմատական վերափոխմանը։
***
Առանց պարզելու այսպիսի կտրուկ շրջադարձի դրդապատճառը, մանավանդ մի պարագայում, երբ ո՛չ ՀՀ գործող նախագահի, ո՛չ էլ իշխող Հանրապետական կուսակցության ծրագրերում դրա անհրաժեշտության մասին երբևէ ակնարկ անգամ չի եղել, անիմաստ է խոսել խորհրդարանական և նախագահական համակարգերի առավելությունների կամ թերությունների մասին:
***
Իսկ ինչ վերաբերում է դրդապատճառին, ապա ոչ ոքի, այդ թվում՝ առաջին հերթին հենց նախաձեռնողների համար, գաղտնիք չէ, որ «բարեփոխումների» նպատակը ՀՀ նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է։ 
***
Նրանք չունեն իրենց հավաստիացումների արժանահավատությունն ապացուցելու և ժողովրդին համոզելու որևէ բանական փաստարկ, բացի «ազնիվ խոսք, հորս արև, մեռնեմ թե սուտ եմ ասում» տիպի մանկական թոթովանքներից։ 
***
Թող ամենևին զարմանալի չթվա, եթե ասեմ, որ նոր սահմանադրության ջատագովները մարդկային առումով արժանի են անգամ որոշ կարեկցանքի, որովհետև, կամովին թե ոչ, հարկադրված են ապացուցել անապացուցելին, դրա հետևանքով դառնալով ժողովրդի ծաղրուծանակի առարկա։
***
Եթե ռեժիմն այդ փոփոխությունների անցկացումը դիտում է որպես կենաց-մահու խնդիր, ապա հանրաքվեի դրական արդյունքն ապահովելու համար, հարկադրված պետք է լինի գործի դնել կեղծիքների, բռնությունների, ընտրակաշառքի, վարչական ու քրեական ռեսուրսների օգտագործման ողջ մեքենան՝ հերթական անգամ պատճառ դառնալով ներքաղաքական սուր ցնցման, ժողովրդի հուսալքության խորացման, արտագաղթի նոր ալիքի խթանման, վերջին հաշվով՝ ազգային միասնության իսպառ խարխլման և պետականության թուլացման:
***
Մեր երկիրն ազգային միասնության խարխլման և պետականության թուլացման սպառնալիքի առջև է կանգնում աշխարհաքաղաքական բոլորովին նոր ու վտանգավոր իրավիճակում:

Ինչպես տեսնում եք, բան չի փոխվել: Դեռ մի բան էլ վատացել է: Այն առումով, որ Սերժ Սարգսյանը գոնե լսելու հատկություն ուներ, Նիկոլ Փաշինյանն այդ հատկությունից իսպառ զուրկ է: Ասես, չասես, տախտակի ձայն է գալիս: 

Չորրորդ Իշխանություն

Հ.Գ. Ի հավելումն, նպատակահարմար ենք համարում հրապարակել նաև 2015թ. նոյեմբերի 28-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Գագիկ Հարությունյանին ուղղված նամակը եւ դրա պատասխանը:

«28.11.2015թ. Գագիկ Հարությունյանին. Գագիկ, վստահ եմ, որ ուշադիր ընթերցել ես նոյեմբերի 26-ի իմ հոդվածը, այդ պատճառով չեմ ուզում կրկնել նրանում արտահայտած մտահոգություններս։ Հուսով եմ, չես կասկածում, որ դրանք անկեղծ են և որևէ քաղաքական շահ չեն հետապնդում։ Այնուամենայնիվ, հարկ եմ համարում քեզ տեղեկացնել, որ խուճապ չառաջացնելու ու Ռուսաստանի հանդեպ բացասական տրամադրությունների տեղիք չտալու նկատառումներով, իրավիճակի պարունակած որոշ այլ վտանգների մասին լռել եմ։ Դրանցից ես կառանձնացնեի հետևյալ երեքը․

1․ Միջազգային լարվածության խորացման և Մերձավոր Արևելքում իրավիճակի թեժացման պարագայում Ռուսաստանն ստիպված է լինելու ուժեղացնել Հայաստանում տեղակայված իր ռազմական հենակետը և այստեղից ևս մասնակցել Սիրիայում և Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին։

2․ Դա նշանակում է, որ հակառուսական ուժերի կողմից Հայաստանն ու նրա արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները դիտվելու են թշնամական տարածք, դառնալով իսլամական տեռորիզմի թիրախներից մեկը։

3, Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայությունն ապահովել նաև Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ․ նման, հնարավոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստավոր պայմաններով լուծելու դեպքում։

Ինչպես նշել էի իմ հոդվածում, ամենևին չեմ կասկածում, որ Սերժը հստակ գիտակցում է այս վտանգները։ Ավելին, ամեն ինչ ինձնից էլ լավ է պատկերացնում, քանի որ պաշտոնի բերումով շատ ավելի տեղեկացված է, քան ես։ Ինչ վերաբերում է նրա շրջապատին, ապա քեզնից բացի այլ մարդ չեմ տեսնում, ով կարող է նրա հետ լրջորեն խորհրդակցել այս հարցերի շուրջ։ Ուստի, խնդրում եմ, նրա ուշադրությունը հրավիրել հանրաքվեի հետաձգման (շեշտեմ՝ հետաձգման, այլ ոչ թե չեղյալ հայտարարելու) նպատակահարմարության վրա, որն իմ կարծիքով հեշտությամբ հիմնավորելի ու հրաշալի ելք է ներքաղաքական լարվածության ստեղծված անպատեհ իրավիճակից։ Համոզված եմ, որ այդ քայլը կդիտվի ոչ թե որպես իշխանության թուլության, այլ հակառակը, ողջախոհության արտահայտություն։ Համենայն դեպս, իմ կողմից կանեմ ամեն ինչ, որ դա այլ կերպ չգնահատվի։

Լևոն Տեր-Պետրոսյան

Հ․Գ․ Նամակս կարող ես ցույց տալ Սերժին»:

Մի քանի օր անց ստացվել է Գագիկ Հարությունյանի պատասխան նամակը.

«Լևոն բարև, ես խոսեցի։ Սերժը ծանոթացավ նաև նամակին։ Մտահոգություններդ հիմքեր ունեն։ Սակայն հանրաքվեի հետաձգումն իրավական առումով այլևս անհնարին է։

Ներքին լարվածության վտանգավոր զարգացումները  երկու պատճառ ունեն։ Նախ՝ քաղաքական ու տարբեր ներազդեցություններով պայմանավորված, երկրորդ՝ հնարավոր օբյեկտիվ ընդվզում՝ հանրաքվեի ժամանակ լուրջ ու կազմակերպված անօրինականությունների պատճառով։

Նախագահը նույնպես գտնում է, որ երկու հանգամանքն էլ պետք է բացառել ու կարևորում է նաև քո դերակատարությունը (առաջին հանգամանքի առումով)։ Կարևորում է նաև, որ չպետք է հանրաքվեն անցկացվի «ամեն գնով» տարբերակով և գործնականում պետք է հասնել դրա բացառմանը։ Իմ ներկայությամբ է դա բարձրաձայնվել։ Սա է իր հստակ մոտեցումը։

Գագիկ Հարությունյան, 01․12․2015թ»:

Նախորդ հոդվածըՍուպերլիգայի գլխավոր քարտուղար. « Մեր բոլոր հանդիպումները հեռարձակվելու են անվճար»
Հաջորդ հոդվածըԲենզեման ցանկանում է ժամանակավորապես հեռանալ «Ալ Իթիհադից»