‘Տաղանդավոր ֆուտբոլիստը մանրադրամ չէ ‘

1023

Մի առիթով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն հայտարարել էր,  որ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին որդու նման սիրում է: Հիմա, երբ Հենրիխի անվան շուրջ տհաճ աղմուկ է բարձրացել, ակամա մտածում ես, որ սերը կարող է նաեւ բացասական հետեւանքներ ունենալ:

Մարզական երեսուն լրագրողների քվեարկությունից հետո պարզ դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը տասը լավագույն մարզիկների ցանկում չի հայտնվել: Այս փաստը զայրացրել էր շատերին, այդ թվում եւ ՀՖՖ նախագահին, որը հանդես եկավ հայտարարությամբ եւ անգամ այս որոշման հետեւում տեսավ մարզաշխարհի ղեկավարությանը: Ավելին, Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, թե այս քայլով մարզաշխարհի ղեկավարությունը փորձում է քողարկել անհաջողությունները:

Ակնհայտ էր, որ Ռուբեն Հայրապետյանը պարզապես առիթ էր որոնում ՀԱՕԿ ղեկավարության հասցեին արտահայտվելու համար: Նա ասում է, թե սիրում է Հենրիխին, բայց իր ինչ-ինչ ծրագրերի իրականացման համար օգտագործում է սիրված եւ հարգված մարզիկին: Մեծ է հավանականությունը, որ մեր բոլորիս կողմից սիրված Հենրիխը ՀԱՕԿ-ի կողմից երեկ իրեն տրված մրցանակից հրաժարվել է Ռուբեն Հայրապետյանի հորդորով: Բնականաբար, Ռուբեն Հայրապետյանը կշտապի ասել, թե նման բան չկա, եւ որ դա լրագրողների հորինվածքներն են, բայց դժվար է հակառակը համոզել մեր ֆուտբոլում առկա «աստիճանակարգին» քիչ թե շատ ծանոթ մարդուն:

Հենրիխն իր հայտարարությունում նշել է, թե իրեն չի հետաքրքրում՝ հայտնվե՞լ է լավագույն տասնյակում, թե՞ ոչ, եւ այսքանից հետո նման որոշումն արդեն իսկ անտրամաբանական է: Եթե նույնիսկ Ռուբեն Հայրապետյանը կապ չունի այս որոշման հետ, նա պետք է շտապի րոպե առաջ Հենրիխին բացատրել, որ ՀԱՕԿ-ի կողմից սահմանած ոսկե մեդալն ընդունելը առնվազն վիրավորական չէ: Քանի որ դա ոչ թե Գագիկ Ծառուկյանի, այլ՝ մարզասեր հանրության կողմից տրված մեդալ է:

Իրականում, այս կեղտոտ մթնոլորտում փորձ է արվում փչացնել, կեղտոտել մի ճանաչված եւ սիրված մարզիկի: Այստեղ տեղին է ասել` ձեռքներդ հեռու՛ Հենրիխ Մխիթարյանից:

Նրանք, ովքեր Հենրիխին հորդորել են նման հայտարարություն անել, նրան սխալ տեղեկություն են տվել այն մասին, որ Շախմատի հավաքականի տղաները տասնյակում չեն հայտնվել: Նրան պետք է որ ասեին, որ շախմատի հավաքականը ճանաչվել է լավագույն թիմ, իսկ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը տեղ են գտել տասնյակում:

Ցավալի է, բայց փաստ, Հենրիխին օգտագործեցին կեղտոտ խաղերի մեջ: Պետք է այս ամենը կանգնեցնել: Լրագրողները չպետք է հանուն սենսացիայի թեժացնեն կրքերը, Հենրիխին ստիպելով անել հայտարարություններ, որը ավելի կխորացնի այս տհաճ իրավիճակը: Յուրաքանչյուր սադրիչ հարցով մենք կփչացնենք տաղանդավոր ֆուտբոլիստին: Պետք է կանգ առնել եւ մտերմաբար նրան բացատրել, որ ՀԱՕԿ-ի ոսկե մեդալը չի կարելի այն հեգնանքով ոսկե շղթա անվանել: Եվ վերջին հաշվով, ամոթ է երիտասարդ եւ տաղանդավոր մարզիկին դարձնել մանրադրամ՝ նեղ անձնական ինչ-ինչ խնդիրներ լուծելու կամ բավարարվածություն ստանալու համար:

Գ.Հ.

Նախորդ հոդվածը‘Ուստա Հրանտ. Սևերով խաղը. հայկական հակահեղափոխությունը ‘
Հաջորդ հոդվածը‘2012-ի մշակութային տասնյակը. Մամուլ’