‘Տաջիկստանի գաղութում ծագած խռովության ընթացքում զոհվել է առնվազն 30 մարդ’

1352

Կիրակի երեկոյան Դուշանբեի արվարձանում գտնվող գաղութում բռնկված խռովության ընթացքում զոհվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը առնչության համար դատապարտված 24 կալանավոր, հաղորդել է Տաջիկստանի արդարադատության նախարարությունը: Անկարգությունների զոհ են դարձել նաև ուղղիչ հաստատության երեք աշխատակիցներ, փոխանցում է Интерфакс-ը:

Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ անկարգությունների կազմակերպիչները «օրենքով արգելված ահաբեկչական-ծայրահեղական «Իսլամական պետության» անդամներ են», իսկ անմիջական ղեկավարների թվում է Տաջիկստանի ՆԳՆ նախկին գնդապետ, ԻՊ-ին հարած և Սիրիայում սպանված Գուլմուրոդ Խալիմի որդին:

Խռովարարները «գազանաբար սպանել են ուղղիչ հաստատության երեք աշխատակիցների», պատժամեկուսարանից ազատ են արձակել ԻՊ-ի ևս ութ անդամների, այնուհետև «կալանավորներին ահաբեկելու համար» դանակահարել ու սպանել են հինգ բանտարկյալների, ինչպես նաև ծեծել ու վիրավորել են տասնյակ ուրիշների: Հետո այդ խմբի անդամները հրկիզել են գաղութի բուժկետը, պատանդ են վերցրել մի քանի կալանավորների և հարձակվել են գաղութի աշխատողների վրա՝ փորձելով փախչել:

«Պատասխան գործողությունների արդյունքում վնասազերծվել են խմբի 24 անդամներ, ևս 35-ը ձերբակալվել են: Պատանդներն ազատվել են»,- նշել են արդարադատության նախարարությունում:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Զելենսկին հայտարարել է Գերագույն ռադան արձակելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցվել է եւ ուղարկվել ՍԴ. ՀԺ’