‘«Տատան» վերադարձնում է այն, ինչի կարիքը Բարսան ունի. Տեսանյութ’

1179

Մեկնարկած Իսպանիայի առաջնության առաջին խաղային օրում ամենից շատ տպավորեց «Բարսելոնայի» թարմությունն ու ցուցադրած խաղը: Խերարդո «Տատա» Մարտինոյի սաները «Լևանտեի» դեմ խաղում շատ մոտ էին Գվարդիոլայի ժամանակաշրջանի խաղամակարդակին: Կատալոնական «MundoDeportivo-ն» առանձնացնում է այն նոր կետերը, որոնք ներմուծել է պարագվայցին Բարսայի խաղում:

Հիմնական կազմն առանց Նեյմարի, Ինյեստայի և Ալբայի

Մարտինոն զարմացրեց դեռևս խաղը չսկսած՝ հիմնական կազմից դուրս թողնելով ոչ միայն թիմի նորահայտ աստղին, այլև՝ Ինյեստային և Ալբային: Բրազիլացու պահեստայինների նստարանից խաղը սկսելու մասին «Տատան» խոսել էր դեռ հանդիպումից առաջ՝ համարելով որ Նեյմարը դեռևս 100 %-ով պատրաստ չէ խաղալու, իսկ Ինյեստան և Ալբան երկար թռիչք էին ունեցել դեպի Էկվադոր:

Պրեսինգի վերադարձը

Անցյալ մրցաշրջանի հատկապես երկրորդ հատվածում Բարսայի վատ արդյունքները շատերը առաջին հերթին կապում էին նրա հետ, որ Տիտոյի օրոք խաղացողները այլևս նախկին թիմային պրեսինգի չեն դիմում: Եվ Կատալոնիայում հայտնվելու պահից Մարտինոն անդադար պնդում է, որ նա փորձելու է վերադարձնել թիմի հանրահայտ պրեսինգը: Պրեսինգին մասնակցում էին բոլորը, այդ թվում և Լեո Մեսսին, ով անցյալ մրցաշրջանում ընդհանրապես կորցրած գնդակների համար էլ չէր պայքարում, իսկ երեկ 3 անգամ խլեց գնդակը «Լևանտեի» խաղացողներից: Խաղից հետո «Տատան» համեստություն արեց նշելով. «Ես ոչ մի նոր բան չեմ անում, ուղղակի վերադարձնում եմ այն, ինչ արխիվացված էր և չէր օգտագործվում»:

«Պատմական» փոփոխություն

Շատերն են հիշում, երբ Պեպ Գվարդիոլան հենց խաղի ժամանակ խնդրում էր Լեո Մեսսիին փոխարինվել և հանգստանալ, ինչը արգենտինացին հրաժարվում էր անել: Անցյալ մրցաշրջանում բազմաթիվ անգամ Լեոն հոգնած տեսք ուներ, բայց ոչ ոք նույնսիկ չէր համարձակվում նրան փոխարինելու մասին մտածել: Արդյունքում Լեոն մկանային խնդիրների պատճառով տառապեց ՉԼ կիսաեզրափակչում և ամբողջ ամռանը մարզվում էր անհատական ծրագրով՝ նման խնդիրներից խուսափելու համար: Միգուցե երեկվա 70-րդ րոպեին Լեոին փոխարինելու հարցում «Տատային» օգնեց խաղացողի համաքաղաքացի լինելը, կամ նրա հոր հետ մտերիմ հարաբերությունները: Բայց փաստը մնում է փաստ, որ Լեոն փոխարինվեց ավելի քան 100 հանդիպում անց: Դատելով մարզչի մամլո ասուլիսի ժամանակ կատարած հայտարարությունից, այս փոփոխությունը վերջինը չի լինի մրցաշրջանի ընթացքում, քանի որ. «Այն խաղերում, որտեղ ամեն ինչ պարզ է, ավելի ճիշտ կլինի առաջատարներին հանգստանալու հնարավորություն տալ»:

Ավելի շատ սրություն

Մարտինոն, ինչպես ավելի վաղ նշվում էր, ի տարբերություն իր ուսուցիչ Մարեսլո Բյելսայի, ավելի շատ նախընտրում է «ուղիղ», քան «լայն» ֆուտբոլ, ինչը չի նշանակում, որ նա հրաժարվում է եզրերը օգտագործելուց: «Լևանտեի» դեմ խաղում լավագույնը Սեսկ Ֆաբրեգասն էր, ով այդպես էլ չկարողացավ հարմարվել Բարսայի «տիկի-տակային» և նախընտրում է ավել ուղիղ ֆուտբոլ: Ինչ վերաբերվում է եզրերին, ապա Պեդրոն և Ալեքսիսը այլևս անցյալ մրցաշրջանի իներտ խաղացողները չէին, և բազմաթիվ վտանգներ ստեղծվում էր հենց եզրերից փոխանցումներից հետո: Երեկվա Բարսայի գլխավոր տարբերություններից մեկն էլ այն էր, որ մրցակցի տուգանայինի մոտ թե Սեսկը, թե Չավին, կամ նույնիսկ Բուսկետսը, ավելի հաճախ էին սուր փոխանցումներ կատարում և սրում խաղը: Ավելացել էր նաև պաշտպանությունից մեկ երկար փոխանցումով գրոհի անցնելու փորձերը:

Բավականին անօգտակար միջմրցաշրջանից հետո, որում Բարսան լուրջ մրցակցի չհանդիպեց և երկարատև շրջագայություն անցկացրեց Ասիայում, երեկվա խաղը չնայած մրցակցի ցածր կարգին, հաճելի անակնկալ էր երկրպագուների համար: Մոտակա շաբաթներին Բարսան կմրցի «Ատլետիկո Մադրիդի», «Մալագայի» և «Վալենսիայի» հետ և այդ խաղերից հետո կարելի կլինի ավելի լավ պատկերացումներ կազմել թիմի իրական հնարավորությունների մասին: 


Նախորդ հոդվածը‘Ուրմիա լիճը պահպանելու նպատակով Իրանում աշխատանքային խումբ է ստեղծվել’
Հաջորդ հոդվածը‘Հոսնի Մուբարաքին կարող են ազատ արձակել այս շաբաթ’