‘Տարբեր միջին կալիբրի գործիչներ ինչ-որ պահի որոշում են ծախվել՝ կոնկրետ շահի դիմաց ու ոչ այնքան մեծ գնով. Մամուլ’

905

«Եթե պարզունակացնենք խնդիրը, ապա պետք է նկատենք, որ ընտրությունների հետաձգումը ձեռնտու չէր իշխանություններին: Լրացուցիչ ֆինանսներ, քարոզարշավի լարված օրեր, նոր անախորժությունների հավանականություն: Փոխարենը ձեռնտու էր ընդդիմությանն ու իշխանափոխության հակված զանգվածին: 15 լրացուցիչ օրը կարող էր էականորեն փոխել իրավիճակը՝ թեկնածուներից յուրաքանչյուրի հանդես գալու հնարավորությունները կմեծանային, ձնագնդիի էֆեկտ կարող էր առաջանալ, էլ չենք խոսում մարտիմեկյան հանրահավաքից հետո հասարակական ակտիվացման մասին:

Այնպես որ միանշանակ կարելի է պնդել, որ Պարույր Հայրիկյանն այս պարագայում, ինչ պատճառաբանություն էլ բերի, շարժվեց իշխանական սցենարով: Եվ եթե այդ չարաբաստիկ կրակոցն անսպասելիորեն բարձրացրել էր նրա վարկանիշը, ապա Սահմանադրական դատարան չդիմելու որոշումը նույնքան անսպասելի էլ իջեցրեց: Միաժամանակ ցույց տվեց, որ խորհրդային իշխանությունների հետ ոչ մի գործարքի չգնացող անձն անգամ նորանկախ երկրի իշխանությունների «հմայքին» չի դիմանում և հեշտությամբ հանձնվում է՝ տեղավորվելով իր համար գծված շրջանակի մեջ:

Ընդհանրապես, մեր երկրի ողբերգություններից մեկն այն է, որ անկաշառ, պայքարի հակված, զրկանքների պատրաստ մարդիկ մեզանում շատ քիչ են: Թվում է՝ ի՞նչն էր խանգարում Արթուր Բաղդասարյանին դիմանալ զրկանքներին ու ճնշումներին և դառնալ հեռանկարային քաղաքական գործիչ: Ինչո՞ւ Դավիթ Հարությունյանը, ով գրագիտության ու ինտելեկտի պակաս չունի, չպահպանեց իր դիմագիծն ու չդարձավ ՀՀ նախագահի պոտենցիալ թեկնածու: Ինչո՞ւ տարբեր միջին կալիբրի գործիչներ, ունենալով ներքին ռեսուրս, չեն աճում, առաջ չեն գնում: Բանն այն է, որ ինչ-որ պահի նրանք որոշում են ծախվել՝ կոնկրետ շահի դիմաց ու ոչ այնքան մեծ գնով»,- գրում է «Հրապարակը» խմբագրականում:

Նախորդ հոդվածը‘Հայաստան – Լյուքսեմբուրգ՝ 1։1. Քիչ ժամանակ՝ սխալները շտկելու համար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Առայժմ զերծ պահե՛ք նորածիններին տուբերկուլյոզի դեմ պատվաստումներից. Մամուլ’