‘Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանսիայի գործընկեր քաղաքների ներկայացուցիչների հետ ‘

821

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ֆրանսիական գործընկեր քաղաքների, Ֆրանսիայի միավորված քաղաքների կազմակերպության <<Հայաստան>> աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ: Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ողջունելով հյուրերին և կարևորելով 2010 թվականին Երևանում կայացած Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին համաժողովը, քաղաքապետը ընդգծել է, որ այն նոր որակ է հաղորդել երկու երկրների քաղաքների միջև կապերի սերտացմանը և նպաստել է երկկողմ համագործակցության զարգացմանը: 

«Ֆրանսիայի քաղաքների հետ Երևանի համագործակցությունը որակապես և քանակապես շատ բազմազան է ու կարևոր է, որպեսզի մենք աշխատենք առավել արդյունավետ և շահավետ դարձնենք քաղաքների հետ համագործակցությունը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևանի քաղաքապետարանն այսօր արդեն իսկ ակտիվորեն համագործակցում է ֆրանսիական շատ քաղաքների հետ», — նշել է Տարոն Մարգարյանը: 

Կարևորելով 2013 թվականին Վալանս քաղաքում անցկացվելիք հայ–ֆրանսիական ապակենտրոնացված երկրորդ համաժողովը` քաղաքապետը առանձնացրել է համաժողովի շրջանակում համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի շեշտադրումը: 

Ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Լիոնի փոխքաղաքապետ, Մեծ Լիոնի միջազգային համերաշխության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ  Հյուբեր Ժուլիեն-Լաֆֆերիերը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի համագործակցության պատրաստակամությունը լավ խթան է փոխգործակցությոան ակտիվացման, ինպես նաև գործընկեր քաղաքների հետ հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար: 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել համատեղ աշխատանքային խմբեր և ներկայացնել համապատասխան առաջարկությունների փաթեթ:

Նախորդ հոդվածը‘«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» պարտվեցին, «Մալագան» շարունակում է զարմացնել. ՉԼ հանդիպումները՝ տեսանյութով’
Հաջորդ հոդվածը‘Հայ-ադրբեջանական կլոր սեղանի մասնակիցները պայմանավորվել են անցկացնել տոլմայի փառատոն (տեսանյութ)’