‘Տարոն Մարգարյանը փորձում է «կռուտիտ լինել»’

2757

Իրավական հարցերից հեռու, բայց ամերիկյան ցանկացած մարտաֆիլմ դիտած ցանկացած անձ հաստատ կյանքում գոնե մեկ անգամ լսած կլինի «կոպերի» հայտնի զգուշացում արտահայտությունը. «Այն ինչ դուք կասեք, կարող է օգտագործվել ձեր դեմ»:  Այն, որ Տարոն Մարգարյանը իրավունքի հարցերում ամենեւին չի փայլում, հայտնի փաստ է, բայց որ նա նույնիսկ ֆիլմ նայելուց այս արտահայտությունը չի հիշել, արդեն իսկ տարօրինակ է: Որովհետեւ եթե հիշեր, կհասկանար, որ այս օրերին, իր դեմ օգտագործելի ավելի լավ փաստեր չկան, քան հենց իր իսկ հայտարարություններն են:

Բանն այն է, որ այսօր Տարոն Մարգարյանը մեկնաբանություն է տվել NEWS.am-ին, որի առիթը լրագրող Արմեն Դուլյանի կողմից հրապարակված հայտնի ձայնագրությունն էր՝ արված 2006 թվականի դեկտեմբերին: Այդտեղ լրագրողը հարցնում է Անդրանիկ Մարգարյանին՝ ճի՞շտ է, որ դուք երթուղային գծեր ունեք: Դրան ի պատասխան Մարգարյանը հայտարարում է. «Ես չունեմ, բայց տղաս ունի: Ինչ որ կա՝ գաղտնիք չի, ես չեմ ասել, որ տղաս բիզնեսով չի զբաղվում՝ զբաղվում է»:

Իր այսօրվա մեկնաբանությունում Տարոն Մարգարյանը հայտարարել է. «Այո, ես հիմա էլ եմ կրկնում, որ գծատեր չեմ: Ինչ վերաբերում է հորս ասածին, ապա այն եւս ճիշտ է: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայրս այդ մասին ասել է 7 տարի առաջ, մինչդեռ ինձ ուղղվող հարցը այսօրվա մասին է, ինչին ես հստակ պատասխանել եմ»:

Սա արդեն աբսուրդի ժանրից է: Բանն այն է, որ ընդամենը օրեր առաջ մենք հրապարակել էինք փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Տարոն Մարգարյանն ու իր աներձագ, ներկայում ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը հանդիսանում են Երեւանում հանրային տրանսպորտի 5 և 32 երթուղիները սպասարկող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հիմնադիրները: Մեր հրապարակած փաստաթղթերից, նախ, պարզ էր դառնում, որ այժմ ընկերության բաժնետոմսերի միակ սեփականատերը ոմն Բունիաթյան Արմեն է, որը Ռոբերտ Սարգսյանի հարևանն է, իսկ ընկերության իրավաբանական հասցեն Ռոբերտ Սարգսյանի բնակարանի հասցեն է: Էլեկտրոնային ռեգիստրից մեր կողմից ներբեռնած փաստաթղթերը նաև ապացուցում են, որ Ռոբերտ Սարգսյանը «Ռոբերտ-Տարոն» ընկերության մասնակից է եղել 1999 թ. հուլիսի 21-ից մինչև 2008թ. հունիսի 16-ը: Իսկ Տարոն Մարգարյանը ընկերության մասնակից է եղել 2008 թ. հունիսի 19-ից մինչև 2010 թ. մայիսի 4-ը: Այսինքն՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ եղած ժամանակ Տարոն Մարգարյանը հանդիսացել է նաև թիվ 5 և 32 երթուղիները սպասարկող ընկերության միակ մասնակիցը:

Մեր հրապարակումներին, սակայն, Մարգարյան-Սարգսյան զույգը որդեգրել էր «չորով ատկազ» կանգնելու մարտավարությունը:

Կայքը ստում է, որ ՍՊԸ-ն մերն է: Մենք «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հետ ընդհանրապես կապ չունենք: Եթե կայքն ապացուցի, որ դա մերն ա, ես դատի կտամ նրան, ով որ տրամադրել ա փաստաթղթեր ու ասել ա, որ դա մերն ա»,- այսպես էր մեկնաբանել Ռոբերտ Սարգսյանը մեր հրապարակումը: Նա նաեւ հայտարարել էր, թե Տարոն անունով նահանգ կա, իսկ Ռոբերտո անունով խանութ, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենք այդ անուններով ամեն ինչի հետ կապ ունեն:

Իսկ ահա Տարոն Մարգարյանի արձագանքը ավելի զավեշատալի էր:

«Ինձ թվում  ա՝  այդ մամուլում,  հնչած, հա,  որոշ անձերի կողմից այդ արտահայտությունները, ես վստահեցնում եմ, որ ես գծատեր չեմ, և այն հայտարարությունները, որ կատարում են Ավան վարչական շրջանում՝ տրանսպորտի երթուղիները Տարոն Մարգարյանինն են՝ նման  բան չկա: Ընդամենը կարող ենք փաստաթղթերով և փաստերով ֆիքսել, որ նման… իմ համար շատ զարամանալի է, և երբ որ նման …«Ռոբերտ և Տարոն» ՍՊԸ-ն… ես շատ ՍՊԸ -ներ և կազմակերպություններ և սպասարկման օբյեկտներ կարող եմ նշել, որոնց վրա գրված է Տարոն: Դա նշանակում է՝ ի՞մն է:Մենք  նաև պետք է այդ կողմից դիտարկենք և հասկանանք, որ ընդամենը հերյուրանքներ են դրանք, ընդամենը շահարկում են որոշ անձինք,  և վստահեցնում եմ, որ նման խնդիր չկա»,- հայտարարել էր Մարգարյանը:

Ուշադրություն, ինքն ու իր աներձագը ոչ թե ասում էին, թե ժամանակին կապ են ունեցել այդ ընկերության հետ, որը երթուղային գծեր էր սպասարկում, այլ ասում էին, թե իրենք ընդհանրապես այդ ընկերության հետ որեւէ կապ չունեն ու վերջ: Բայց քանի որ, ըստ երեւույթին, իրենց համար անսպասելի, հրապարկվել էր Անդրանիկ Մարգարյանի հարցազրույցի ձայնագրությունը, Տարոն Մարգարյանը հասկացել է, որ այլեւս փախնելու տեղ չունի, եւ պետք է որեւէ կերպ արձագանքի: Ու արձագանքն էլ որոշել է անել՝ «համ հայրս էր ճիշտ, համ՝ ես» սկզբունքով: Բայց այն, ինչ հայտարարեց այսօր Տարոն Մարգարյանը, լիովին հակասում է իր նախորդ հայտարարություններին, եւ կոչվում է ընդամենը դասական «կռուտիտ»: Բայց դա նրան հազիվ թե այլեւս օգնի:

Առաջարկում ենք նաեւ՝ Տարոն Մարգարյանը և իր աներձագը «չորով ատկազ» են կանգնում, կամ աներորդին դատի է տալու փեսային

 

  

Նախորդ հոդվածը‘Փորձագետ. «100 դրամ» ակցիան տրանսպորտի շուկան վերաձեւելու նպատակով լավ կազմակերպված PR-պրոյեկտ է’
Հաջորդ հոդվածը‘Ավարտվեցին Համահոմենթմենական 9-րդ մարզախաղերը’