‘Տարոն Մարգարյանին կուսակիցներն արգելե՞լ են խոսել’

1860

Այսօր գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Նուբարաշեն համայնքի բնակիչների հետ: Ինչպես եւ բոլոր հանդիպումներում, այս անգամ եւս խնդիրներ ունեցող բնակիչները շատ էին, ովքեր Տարոն Մարգարյանին իրենց խնդրի մասին պատմելու առիթը բաց թողնել չէին կարող: Հանդիպման ժամանակ մի ուշագրավ դեպք եղավ, բնակիչներից մեկը լրագրողներին հայտարարեց, որ ցանկանում է Տարոն Մարգարյանին ավելի բարձր պաշտոնում տեսնել: Դիտարկմանը, թե նախագահի պաշտոնն է տեսնում նրա համար, քաղաքացին գոհ-գոհ հայտարարարեց` «Խի չէ»:

Բնակիչների հետ զրույցից հետո, երբ Yerkir.am-ը Տարոն Մարգարյանին փորձեց փոխանցել Նուբարաշենցու այդ մեծ ցանկությունը, եւ հետաքրքրվել, որ եթե այս ընտրություններում ավելի շատ ձայն հավաքի, քան Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում, հնարավոր է մտածի 2018թ.-ին առաջադրվելու մասին, առավել եւս որ այդքան մեծ վարկանիշ ունի, գործող քաղաքապետն, ի զարմանս մեզ, հայտարարեց, որ չի կարող պատասխանել հարցերին:

«Ինձ թվում ա դուք խանգարում եք, եթե բնակիչ եք, հարցերին պատասխանեմ, տենց շտապ հարցեր ունեք, դիմեք շտաբ` համապատասխան պատասխանատուին»,-ի պատասխան մեր հարցի, հայտարարեց նա:

Եվ որքան էլ համառեցինք, որ հարցը շատ կարճ է եւ շատ ժամանակ չի խլի, միեւնույն է, Տարոն Մարգարյանն անփոփոխ մնաց իր որոշման մեջ եւ շարունակ կրկնում էր, որ հարցերով դիմենք ՀՀԿ շտաբ:

«Դիմեք կենտրոնական շտաբ, թող պատասխանեն, դուք ինձ խանգարում եք, մեկս մեկին եկեք հարգենք, մի խանգարեք ինձ»,-բարկացած հայտարարեց Տարոն Մարգարյանն ու հեռացավ:

Նշենք, որ դեռ երեկ Yerkir.am-ի` ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրին, որ Տարոն Մարգարյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ արված հայտարարությունը (ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության, որ Տարոն Մարգարյանն ընդամենը համակարգի խամաճիկն է, Տարոն Մարգարյանը հորդորել էր նրան հայելու մեջ նայել, նոր խոսել) ՀՀԿ վերնախավում չի ողջունվել, ավելին, գործող քաղաքապետին հորդորել են ավելի զուսպ արտահայտվել եւ որքան հնարավոր է խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց` կիքսերից խուսափելու եւ ժողովրդին զայրույթն էլ ավելի չբորբոքելու համար:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը իտալական «Գաձետա դելլա Սպորտին»’
Հաջորդ հոդվածը‘«Էպոսագետ» Վարդան Սեդրակյանին նոր մեղադրանք է առաջադրվել’