‘Տարոն Մարգարյանն առաջարկում է տրանսպորտի սակագինն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել’

1407

Մայրաքաղաքի տրանսպորտային ոլորտի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև, Երևան» խմբակցությունների  անդամների հանդիպման ժամանակ: 

Ներկայացնելով մայրաքաղաքի ուղևորափոխադրումների սպասարկման որակի ապահովման  հետ կապված իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի քաղաքականությունն այսօր ուղղված է բնակիչների համար անվտանգ և հարմարավետ երթևեկության ապահովմանը: 

Անդրադառնալով կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշմանը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն ոլորտի բնականոն աշխատանքն ու շահագործման համարժեք ծախսերն ապահովելու նպատակ է հետապնդում. «Իրականում սոցիալական բեռի խնդիր է առաջանում, որը որոշ խավի կողմից արդարացի բողոքների տեղիք է տալիս: Քանի դեռ մենք սոցիալական որոշ խմբերի համար արտոնություններ չենք սահմանել, հետևաբար՝ թե՛ իրենց, թե՛ իրենց ընտանիքների համար լրացուցիչ բեռ ենք ավելացնում:  Ես իսկապես մտահոգ եմ ոչ միայն մեր սոցիալապես անապահով խավի համար, այլև մեր քաղաքում հասարակական տրանսպորտի անվտանգ երթևեկություն ապահովելու համար:  Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել: Այսկերպ մենք չենք կարողանա թարմացնել շարժակազմը և ապահովել բոլոր այն պահանջները, որոնք այս տարիների ընթացքում եղել են մեր բնակիչների կողմից տրանսպորտի ոլորտի կանոնակարգման և զարգացման հարցում:  Այս սակագնով դրան հասնելը անհնար էր»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ դրա հետ միաժամանակ պետք է խիստ վերահսկողություն իրականացվի սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես՝ երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման, ինչպես նաև երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Կբացառվի նաև միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը: 

Քաղաքապետը հատկանշել է նաև, որ,  հաշվի առնելով հարցի սոցիալական ուղղվածությունը, առաջիկայում կստեղծվի հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը համակողմանիորեն կուսումնասիրի և մեխանիզմներ կառաջարկի որոշումն առավել ամբողջական և օպտիմալ դարձնելու համար. «Հիմնական շեշտը մենք դնելու ենք վճարման միասնական համակարգի ներդրման վրա, որը սոցիալապես խոցելի խմբերին կառաջարկի տարբերակներ: Այսկերպ մենք կբարձրացնենք նաև ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 
Հանդիպման ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, լսելով քննարկվող հարցի վերաբերյալ Երևանի ավագանու խմբակցությունների անդամների մոտեցումներն ու առաջարկները, մեկ անգամ ևս վստահեցրել է, որ մշտապես պատրաստակամ է քննարկելու և կյանքի կոչելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կբխեն Երևանի ու երևանցիների շահերից:  

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն


Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանն առաջարկել է արտոնություններ մշակել սոցիալական խմբերի համար’
Հաջորդ հոդվածը‘ «Тарон, вы самое слабое звено». Զոհում է Սերժ Սարգսյա՞նը, թե՞ զոհում ենք Սերժ Սարգսյանին’