‘Տարոն Մարգարյան. Ինձ թվում ա՝ ՀՀԿ կրծքանշան համ կրում եմ, համ չեմ կրում (տեսանյութ)’

2694

Երեւանի գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այսօր Ներքին Չարբախում էր:

Բնակիչների հետ հանդիպումից հետո Yerkir.am-ի թղթակիցը հետաքրքրվում է՝ թե ինչու՞ քարոզարշավի ընթացքում Տարոն Մարգարյանը ՀՀԿ կրծքանշան չի կրում: «Ինձ թվում ա՝ համ կրում եմ, համ չեմ կրում, հա՞», — պատասխանում է Երեւանի քաղաքապետը:

«Երկիրի» թղթակիցը խնդրել է նաեւ անդրադառնալ ապրիլի 23-ին իր քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ ավագանու ՀՀԿ-ական թեկնածու, գործող ավագանու անդամ Աշոտ Պապայանը հարձակվել է մեր կայքի՝ իր աշխատանքը կատարող լրագրող Հակոբ Կարապետյանի վրա եւ մարմնական վնասվածք հասցրել նրան: Ի պատասխան, Մարգարյանը հայտնել է, որ միջադեպի մասին տեղեկացել է մամուլից, լրագրողին ծեծած Աշոտ Պապայանի հետ չի զրուցել եւ որեւէ այլ տեղեկատվության չի տիրապետում:  «Եթե նման դեպք եղել ա, միանշանակ դատապարտում եմ, իրավապահները թող զբաղվեն այդ գործով» Նշենք, որ սա հերթական ֆրազ է, որ ՀՀԿ-ականները հնչեցնում են կուսակցության անունի հետ կապվող ցանկացած հանցագործությունից հետո՝ չհաշված այն հորդորը, որ «պետք չէ քաղաքականացնել»: Եվ Տարոն Մարգարյանը հաջողությամբ կրկնում է այն՝ լավ սերտած դասի պես:

Մինչդեռ, մեր հավաստի տեղեկությունների համաձայն, iLur.am-ի թղթակցի վրա հարձակված «Տուրբոն»՝ Աշոտ Պապայանը, Տարոն Մարգարյանի մոտ ընկերն է: Միեւնույն ժամանակ, արդեն տեղեկացրել ենք, որ Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո նրան են մոտեցել քաղաքապետարանի աշխատակիցները, խոստացել վերադարձնել խլված տեսախցիկը, մի քանի րոպե անց տեսախցիկը վերադարձվել է (տրամաբանական է, որ նա, ով կարգադրում է վերադարձնել խլվածը, առնվազը ճանաչում է նաեւ խլողին): Բացի դրանից, մեր ձեռքի տակ եղած տեսանյությում լրագրողի հետ զրուցող քաղաքապետարանի պաշտոնյան (Արմեն Հարությունյանը-խմբ.) վստահեցնում է, որ քաղաքապետը «դեմ է նման բաներին» եւ անկասկած, անողը պատժվելու է (եթե քաղաքապետարանի աշխատակիցը չգիտի, որ հարձակվողը իր գործընկերն է՝ Աշոտ Պապայանը, ի՞նչ հիմքով է ենթադրում, որ «անողը պատժվելու է»: Ի վերջո, Տարոն Մարգարյանը ոչ ոստիկանապետ է, ոչ դատավոր, որ պատժի «շարքային» հանցագործի-խմբ.): Եվ այս համատեքստում Տարոն Մարգարյանի հայտարարությունը, թե միջադեպի մասին տեղեկացել է մամուլից, առնվազն տարօրինակ է հնչում:

Հ. Գ. Yerkir.am-ի տեսանյութում երեւում է նաեւ, որ Տարոն Մարգարյանը կրկին խուսափում է պատասխանել իր հայտարարագրած միլիոնավոր դոլարների ծագման մասին խոսելուց: Չենք կարծում, որ Մարգարյանը նույնպես մամուլից է տեղեկացել, որ ինքը միլիոնատեր է: 

 

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ն սահմանել է ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը’
Հաջորդ հոդվածը‘Գայանե Ղազարյան. Vox populi-ի սոցհարցման արդյունքների անպիտանության մասին’