‘Տարոն, սիրուն չի. Ինչպե՞ս դառնալ միլիոնատեր’

2120

Օրեր առաջ iLur.am-ը հրապարակել է քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԿԸՀ ներկայացրած՝ գույքի եւ ունեցվածքի հայտարարագիրը: Այսինքն, այն, ինչ Տարոն Մարգարյանն ունի՝ գրանցված կոնկրետ իր անունով: Անգամ այն, ինչ Մարգարյանը անթաքույց հայտարարում է իր սեփականությունը, ակնհայտորեն ցույց են տալիս, որ սույն պաշտոնյան կասկածելի ծագման ունեցվածքի տեր է: Եվ ահա թե ինչու: Բանն այն է, որ Մարգարյանն իր ամբողջ կյանքում եղել է չինովնիկ, պետական համակարգի  սովորական աշխատող: Այսինքն, մարդ, որը որ ապրել է իր աշխատավարձի հաշվին: Չի զբաղեցրել այնպիսի պաշտոններ այնպիսի մասնավոր ընկերություններում, որտեղ կարող էր աստղաբաշխական թվերով աշխատավարձ ստանալ: Մինչեւ քաղաքականություն մուտք գործելը չի զբաղվել բիզնեսով, որպեսզի հնարավոր լիներ բացատրել նրա հաշվին գրանցված գումարների ծագումը: Եղել է սովորական չինովնիկ, ով ժամանակի ընթացքում պետական ապարատում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բայց եւ միաժամանակ հասցրել է դառնալ միլիոնատեր, բազմաթիվ շենք ու շինությունների, հողերի  սեփականատեր:

Ըստ Երեւանի քաղաքապատերանի կայքում տեղադրված Մարգարյանի կենսագրականի, վերջինս.

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երևանում: 1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա: 2001թ. ավարտել է ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտ արագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:

2001-2003թթ.  աշխատել է ՀՀ կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:

2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:

2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:

2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:

2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:

2011թ.նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ:

Հայաստանում այսօր ամենաբարձր աշխատավարձը, (Նախագահի եւ ԱԺ նախագահի, ՍԴ անդամների եւ եւս մի քանի պաշտոնյաների աշխատավարձները չհաշված) մոտավորապես կազմում են 400 հազար դրամ: 2000-ականների սկզբին, այն շատ ավելի քիչ է եղել: Այսինքն, չինովնիկն անգամ իր ամենաբարձր աշխատավարձով լավագույն դեպքում կարող է «նորմալ ընտանիք պահել», եւ վարկով գնել մեկ ավտոմեքենա: Կարող է նաեւ վարկով բնակարան ձեռք բերել: Բայց դա էլ՝ լավագույն դեպքում մեկ հատ, այն էլ, եթե տանը բոլորը «գոտիները ձգած» ապրեն, խնայողություններ անեն եւ այլն: Անհնար է, սակայն, ավելի քան տաս տարի լինել չինովնիկ, ստանալ «չոր» աշխատավարձ, եւ հասցնել այդպիսի ահռելի քանակի ունեցվածք կուտակել:

Ահավասիկ.

Շենք եւ շինություն, հողամաս

ք. Երեւան, Ավան, Սայաթ Նովա 8շ. բն՝ 7՝ ընդհանուր համատեղ սեփականություն, մակերեսը՝ 137.9

ք. Երեւան, Թումանյան փողոց 63,  64,  65.  28/70բ,  միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 190.2

ք. Երեւան, Ավան, Բաբաջանյան 77/7 տ, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 1578.3

ք. Ջերմուկ, թիվ 2 ամառանոց, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 258.5

ք. Երեւան, Ավան, Առեւտրի կենտրոն 2/3, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 761.24

ք. Երեւան, Ավան, Աճառյան  42, ընդհանուր համատեղ սեփականություն, մակերեսը՝ 3729.8

Հողամաս, ք. Դիլիջան, Մաքսիմ Գորկի 3/1, միանձնյա սեփականություն, 0.6365

Հողին ամրացված այլ անշարժ գույք, ք. Երեւան, Ավան 8շ. բակում ավտոտնակ, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 28.1

Հողին ամրացված այլ անշարժ գույք, ք. Երեւան, Ավան 8շ. բակում ավտոտնակ, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 25.9

Հողին ամրացված այլ անշարժ գույք, ք. Երեւան, Ավան 18շ. բակում ավտոտնակ, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 38.1

Շենք եւ շինություն, ք. Երեւան, Ավան, Չարենց թաղամաս, միանձնյա սեփականություն, մակերեսը՝ 44

Շարժական գույքից Մարգարյանը հայտարարագրել է երեք ավտոմեքենա.  

Մերսեդես S450՝ (միանձնյա սեփականություն), 2007 թվականի արտադրության, ՌենջՌովեր Սուպեր չարչ, (միանձնյա սեփականություն), 2006 թվականի արտադրության եւ Մերսեդես Բենց G 500, (միանձնյա սեփականություն), 2002  թվականի արտադրության

Նորից հիշեցնենք, որ Մարգարյանը հայտարարագրել է միայն այն ամենը, ինչը հենց իր անունով է գրանցված: Պատկերացրեք, թե ինչեր կան գրանցված այլ մարդկանց՝ բարեկամների եւ հարազատների անուններով: Բայց անդրադառնանք առայժմ այն ամենին, ինչ Մարգարյանն հայտարարագրել է իր անունով: Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Մարգարյանը չէր կարող սովորական չինովնիկի աշխատավարձով  նման ունեցվածք կուտակել: (Ի դեպ, այս հանգամանքը հատուկ է ՀՀ պետական համակարգում աշխատող բազմաթիվ չինովնիկների, եւ Տարոն Մարգարյանը բացառություն չէ): Ուրեմն, որտեղի՞ց նրան այդքան ունեցվածք: Ժառանգությո՞ւն է ստացել: Բայց եթե հիշում եք, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանն ինքն էլ եղել է պետական ապարատի աշխատող: Այդ դեպքում ինչպե՞ս: Մի՞թե Մարգարյանը լոտո է խաղացել եւ շահել, կամ գուցե՝ խաղատա՞նն է այդքան գումար շահել: Կամ գուցե՝ փողոցով անցնելուց պատահաբար գտե՞լ է ինչ-որ մեկի կորած դրամապանակը: Բայց այդքան շատ գումարո՞վ: Գուցե՞ հողամասում աշխատելիս հողի մեջ թաղված ոսկով լի կարա՞ս է գտել: Գուցե նպա՞ստ է ստացել պետությունից, գուցե՞՝ աշխատանքային ժամն ավարտելուց հետո՝ գիշերները գնացել եւ չարքաշ աշխատանք է կատարել: Իսկ կարո՞ղ է՝ ատկատնե՞ր է արել: Կարո՞ղ է՝ հարկատուների հաշվին ձեւավորվող բյուջեի հաշվին, հանցավոր ճանապարհով է ձեռք բերել այս ամենը: Չլինի՞:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Ներսիկ Նազարյանն ազատվել է Երեւանի ոստիկանապետի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Հայ ֆուտբոլիստները արտերկրում’