‘Տաքսիստները՝ նախարարության աշխատակցին. «Գնացեք ձեր միջի օլիգարխներին գտեք եւ իրանցից հարկ ուզեք»’

1201

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի Հանրապետության հրապարակում բողոքի ցույց են անցկացնում անհատ տաքսիների վարորդները: Նրանց դժգոհության պատճառը լիցենզավորման կարգի փոփոխություններն են, որոնք նախատեսում են դեղին համարանիշների փոխարինում սպիտակով, ինչպես նաեւ` ամսական 12 հազար դրամի չափ նոր հարկի գանձում: Տաքսու վարորդների խոսքով, ստեղծված պայմաններում նման գումարի վճարումը, պարզապես, անհնար կլինի, եւ այդ որոշման գործողությունը պետք է կասեցվի:

Գյումրիի տաքսիստները եւս նույն պահանջով հավաքվել են քաղաքապետարանի շենքի մոտ: Նրանք պահանջում են անհապաղ կասեցնել լիցենզավորման նոր կարգի գործողությունը: Տաքսիստները հայտարարել են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, ապա իրենք կփակեն քաղաքի բոլոր ճանապարհները եւ Գյումրի-Երեւան մայրուղին: Ինչպես տեղեկացնում է «Գալա» հեռուստաընկերությունը, տաքսու վարորդները հանդիպում են ունեցել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակիցների հետ: Գագիկ Բեգլարյանի տեղակալ Արամ Արսենյանը պարզաբանել է, թե իրենք ավելի վաղ հանդիպել են Երեւանում աշխատող վարորդների հետ եւ եկել այն եզրահանգման, որ տաքսիստի միջին հասույթը կազմում է 3000-5000 դրամ եւ որ այդ գումարի 10 տոկոսը նրանք պարտավոր են վճարել պետբյուջե: Ի պատասխան՝ տաքսիստները նշել են. «Գնացեք ձեր միջի օլիգարխներին գտեք եւ իրանցից հարկ ուզեք ու բյուջե լցրեք: Մենք ձեզի փող չունինք տալու: Ո՞ր խելացի տնտեսագետն է ձեր միջից հաշվարկ արել, որ գտել եք, որ մենք կարող ենք համ մեր ընտանիքը պահել, համ հաշվիչ տեղադրել, համ էլ ձեզի փող տալ»:

Փոխնախարարը հորդորել է հարցը չքաղաքականացնել՝ նշելով, թե ի տարբերություն Երեւանի, բոլոր մարզերի տաքսիստները վճարելու են 8000 դրամ հաստատագրված գումար: Գյումրեցիները սակայն պնդել են, որ այստեղ եկամուտը չնչին է եւ անգամ 8000 դրամ ամսական իրենք չեն կարող վճարել: Նրանք փոխնախարարին հորդորել են այդ մասին զեկուցել Սերժ Սարգսյանին: Վերջինս հրաժարվել է դա անելուց՝ հայտարարելով, թե պատրաստվում է զեկուցել միայն իր նախարարին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

Նախորդ հոդվածը‘Տաքսիստների ցույցը Հանրապետության հրապարակում. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Տաքսիստները բողոքում են նոր կարգից (ֆոտոշարք)’