‘Տեղի ունեցավ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գրքի շնորհանդեսը (տեսանյութ, ֆոտոշարք)’

2149

Այսօր գրողների միությունում Համբարձում Գալստյանի հեղինակած «Չուղարկված նամակներ» գրքի հայերեն ու անգլերեն տարբերակների շնորհանդեսն էր: Համբարձում Գալստյանն ազգագրագետ է, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Երևանի առաջին քաղաքապետը: 1994-ին սպանվել է:

Հիմա՝ ղարաբաղյան շարժման 25-ամյակի առթիվ, Համբարձում Գալստյանի համակուրսեցին՝ ազգագրագետ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարությանը Գալստյանի չուղարկված նամակները, բանտային հուշերն ու հրապարակախոսական հոդվածները հավաքել է մի ժողովածուի մեջ: «Ցանկացած գիրք ունի իր ճակատագիրը»,- ասում է Մարությանն ու նշում, որ մինչ օրս գիրքը մի քանի հրատարակություններ է ունեցել, առաջին անգամ հատվածաբար լույս է տեսել «Գարուն» ամսագրում, հետո՝ 1992 թվականին, հեղինակի կենդանության օրոք, 2002 թվականին էլ մի մեծ ժողովածուի մաս է կազմել: Այսօր կրկին վերահրատարակվում է:

«Առիթն այն էր, որ Լոնդոնում «Կոմիտաս» հրատարակությունը լույս ընծայեց այս գրքի անգլերեն թարգմանությունը, որն իրականացվել էր դեռևս 1992 թվականին, սակայն ինչ-ինչ պատճառներով 20 տարի մնացել էր գզրոցներում: Գիրքը ներառում է թե՛ բուն աշխատանքների թարգմանությունը, թե՛ ծանոթագրությունները, որ կազմել էր Համբարձում Գալստյանը անգելերն թարգմանության համար: Նա տեղյակ էր, որ անգլերեն է թարգմանվելու, և քանի որ սովետական իրականությունը արևմտյան ընթերցողի համար մի քիչ անծանոթ է, հատուկ ընթերցողի համար մոտ 200-ի չափ ծանոթագրություններ էր կազմել»,- ասում է Հարություն Մարությանը:

Պարոն Մարությանը հատկանշական է համարում այն, որ ղարաբաղյան շարժան ժամանակ՝ դեռևս 1988-ի փետրվարին, Համբարձում Գալստյանն առաջինն էր, որ բարձրացրեց սոցիալական խնդիրները: Նա կարծում է, որ ուսանողները շատ հաճախ այնքան էլ լավ պատկերացում չունեն, թե ինչ է կատարվել երկու տասնամյակ առաջ, և գիրքը կոչված է լրացնելու այդ բացը:

«Շատ հաճախ «ղարաբաղյան շարժում» և «ղարաբաղյան պատերազմ» հասկացությունները նույնացվում են, բայց եկեք մի բան ֆիքսենք, որ Հայաստանի անկախությունը կերտվեց ղարաբաղյան շարժմամբ, հետո արդեն ամրապնդվեց արցախյան պատերազմում տարած հաղթանակով: Ղարաբաղյան շարժումն էր, որ ազգային-ազատագրական պայքարի հենքով վերաճեց դեմոկրատական շարժման: Ի վերջո, վերաճեց հեղափոխության: Եվ ես՝ որպես հետազոտող, 1988-1990թթ. ընկած ժամակաշրջանը գերադասում եմ անվանել հայկական հեղափոխություն»,- ասում է պարոն Մարությանը:

Գրքի շնորհանդեսին Համբարձում Գալստյանի ընկերներից մասնակցում էր նաև ազգագրագետ Լևոն Աբրահամյանը: Նա հիշում է Գալստյանի ի հայտ գալը: 1988 թվականի փետրվարի 22-ն էր:

«Այսօրվա խորհրդարանի, այն ժամանակվա Կենտկոմի շենքի հենց դիմաց հավաքվել էր բազմահազար ժողովուրդ, և վտանգավոր վիճակ էր: Շատերի համար անսպասելի՝ առաջին անգամ երկրաբանության ինստիտուտի պատուհանում հայտնվեց մի երիտասարդ և բարձախոսով, շատ պարզ, հասարակ ձևով հասկացրեց, որ այս տեղը վտանգավոր է, և օրենքով այս շենքի մոտ չի թույլատրվում հավաքվել ու առաջարկեց հավաքվել Օպերայի հրապարակում: Ժողովուրդն էր այդքան կարգապա՞հ, թե՞ երիտասարդն էր խարիզմատիկ: Գուցե երկուսն էլ միասին»,- հիշում է Աբրահամյանը:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի՝ ԱՊՀ վերադառնալու շուրջ բանակցություններ չեն ընթանում. Վրաստանի ԱԳՆ’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալացի ձկնորսները բաց ծովում հսկայական շնաձկան են հանդիպել (տեսանյութ)’