Տեր-Պետրոսյանի առաջարկածը կոնսենսուսային լուծումներ ու պատասխանատվություն է ենթադրում

1375

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է․

«1․ Հայաստանը ոչ թե հիմա է կապիտուլյացիայի ենթարկվելու, այլ արդեն իսկ ենթարկվել է 44-օրյա պատերազմի արդյունքում՝ ի դեմս 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի։

Այն օրերին ողջ քաղաքական դաշտը հենց այդպես էլ բնութագրել է այդ փաստաթուղթը։ Գրեթե բոլոր քաղաքական դերակատարները նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կա՛մ բառացի կապիտուլյացիա են որակել, կա՛մ տվել են դրա սահմանումը։

Որոշ ժամանակ անց, սակայն, քաղաքական դերակատարների մեծամասնությունը, այդ թվում՝ իշխանությունները, հասկացան, որ պետք է ձերբազատվել «կապիտուլյացիա» տերմինից։ Ու դա զուտ իրենց քաղաքական շահերի համար․ «Եթե կա կապիտուլյացիա, բա էլ մեր վերամբարձ ճառերն ինչի՞ շուրջ ենք կառուցելու»։

Ընդդիմության դեպքում, բացի նշված հանգամանքից, կա նաև մեկ այլ հանգամանք, այն է՝ իշխանության հասնելու իրենց ձգտումներն արդարացնելը․ «Եթե Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել և, ըստ այդմ, գոյություն ունեն անշրջելի իրողություններ ու հեռանկարներ, ապա մենք ինչպե՞ս կարող ենք քարոզել, որ մեր գալով ինչ-որ բան է փոխվելու»։ Սրանից ելնելով` «մոռացության» մատնեցին արդեն իսկ գոյություն ունեցող կապիտուլյացիոն իրողություններն ու սկսեցին խոսել «նոր կապիտուլյացիայի» հեռանկարի մասին։ Ավելին, մի բան էլ քննադատում ու պարտվողական են որակում այն մարդկանց, որոնք հիշեցնում են, որ Հայաստանն արդեն իսկ ենթարկվել է կապիտուլյացիայի։

Այսինքն, կրկին գործ ունենք իրողություններն ու դրանցից բխող հետևանքները մերժելու գնով քաղաքական ամբիցիաներն առաջ տանելու երևույթի հետ։

Այս մարդիկ, իբր, չեն հասկանում, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանի շուրջ, այդ ամենը 44-օրյա պատերազմի հետևանքներն են։ Ավելին, վիճակն ավելի է վատթարացել, քանի որ Հայաստանի ծանրագույն վիճակին գումարվել են նաև «աշխարհաքաղաքական նոր իրողությունները»։

2․ Տեր-Պետրոսյանի առաջ քաշած տեսակետն ընդամենը ստեղծված իրավիճակից և կապիտուլյացիայի հետևանքներից հնարավորինս անվնաս դուրս գալու առաջարկ է։ Այն իրենից չի ենթադրում աջակցություն իշխանություններին կամ համախմբում նրանց շուրջ։ Տեր-Պետրոսյանի առաջ քաշած օրակարգը համատեղ պատասխանատվությամբ, միասնական-կոնսենսուսային լուծումներ գտնելու առաջարկ է։

Եթե առանձնացնենք Տեր-Պետրոսյանի տվյալ առաջարկը քննադատողներին, ապա նրանց կարելի է առանձնացնել 3 խմբում․

ա․ «Տեր-Պետրոսյանն առաջարկում է, որպեսզի մենք հանձնվենք»։ Ու նման էժանագին մտքերով թե՛ ընդդիմության տարբեր թևերը (ո՞նց, բա մեր հողերը հետ չենք բերելո՞ւ), թե՛ իշխանության աջակից արևմտամետ շրջանակները (ո՞նց, բա ՀԱՊԿ-ից դուրս չենք գալո՞ւ) փորձում են օրակարգ լցնել։ Նման մարդկանց հետ բանավիճելը նույնն է, ինչ գլուխդ տաս պատին։

բ․ «Կապիտուլյացիայի գնալուց չեն համախմբվում, այլ իշխանափոխություն կամ մասնակի իշխանափոխություն են իրականացնում»։ Այս տեսակետը շրջանառության մեջ է դրվել քոչարյանամերձ շրջանակների կողմից։

Նախ, արդեն ասվեց վերևում, մենք արդեն իսկ կապիտուլյացիայի ենթարկված ենք, ինչպես դեռևս մի տարի առաջ պնդում էին նաև տվյալ շրջանակները։ Ու ով էլ լինի իշխանության, առերեսվելու է այս ամենի հետ։

Տեսնելով, որ ժողովրդի աջակցությամբ ոչնչի չեն հասնում, այժմ էլ ցանկանում են ներկա ԱԺ-ի միջոցով հասնել իշխանափոխության։ Իրենք իշխանության չեն ձգտում, բայց ցանկանում են, որ ԱԺ-ն մեկ այլ վարչապետ ընտրի։ Ինչպիսի՜ գթասրտություն։ Մի բան էլ, իբր, իշխանությանը հասկացնում են, թե դա «մասնակի իշխանափոխություն» է լինելու, քանի որ, ամեն դեպքում, վերահսկողությունն իրականացվելու է ԱԺ ներկայիս իշխանական մեծամասնության կողմից։

Դե պատկերացրեք։ Մի կողմից ասում են՝ «ինչպե՞ս համախմբվենք «կապիտուլյացիա իրականացնողների» շուրջ», մյուս կողմից ցանկանում են, որպեսզի «կապիտուլյացիա իրականացնողներն» ընդդիմությունից «ինչ-որ մեկին» վարչապետ ընտրեն ու մի բան էլ վերահսկեն նրան։

գ․ Տարբեր ճամբարներից Տեր-Պետրոսյանի առաջարկները վիժեցնողները միտումնավոր տպավորություն են ստեղծել, թե, իբր, իշխանություններն ու նրանց աջակիցները ոգևորված են Տեր-Պետրոսյանի առաջարկով։ Իրականում, սակայն, նման բան գոյություն չունի։ Իրենց պատկերացրածն ու Տեր-Պետրոսյանի առաջարկածը բոլորովին այլ հարթությունների վրա են։ Իրենց կողմից շրջանառվող ու Տեր-Պետրոսյանին վերագրվող թեզերից ենթադրում է, թե Տեր-Պետրոսյանն առաջարկում է ինչ-որ հայտարարությամբ համախմբվել ու աջակցել իշխանություններին։ Այնինչ նման բան գոյություն չունի։ Տեր-Պետրոսյանի առաջարկածը, ինչպես նշվեց, կոնսենսուսային լուծումներ ու պատասխանատվություն է ենթադրում։

3․ Իրավիճակը նման է մինչև 44-օրյա պատերազմը շրջանառվող ոչմիթիզական տրամադրություններին։ Երբ հնչում էին Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու կոչեր, այդ կոչերը թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության քարոզիչների կողմից որակվում էին որպես պարտվողականություն։ Հիմա նույն մարդիկ ներկայիս կապիտուլյացիոն իրավիճակից դուրս գալու վերաբերյալ միասնական լուծումներ գտնելու առաջարկը որակում են կրկին որպես պարտվողականություն։ Ինչո՞ւ. քանի որ պնդում է հնչում, որ լուծումները ծանր են լինելու։

Ու այդպես էլ չես ընկալում, թե «հաղթական» լուծումներ երազողները ո՞ր մոլորակից են։

Այն ժամանակ Ղարաբաղի հարցը հարց չհամարողները համարվում էին հայրենասերներ, իսկ հիմա էլ հայրենասեր են այն մարդիկ, որոնք մերժում են այն իրողությունը, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել ու հարկադրված քաղում է դրա դառը պտուղները։ Իսկ հայրենասերները միշտ ճիշտ են, քանի որ նրանք միշտ հայրենասեր են։

4․ Խելքի եկեք»։

Նախորդ հոդվածըՌԴ․ Առերես ուսանողները արտերկիր մեկնելիս պետք է բուհի տեղեկանք ներկայացնեն
Հաջորդ հոդվածըՊՆ-ն հրապարակել է երեկ զոհված զինծառայողների անունները