‘Տեր-Պետրոսյանի ելույթի մեսիջները, կամ` հանելով հենման կետերը Ս.Սարգսյանի իշխանության տակից ‘

2220

Լևոն Տեր-Պետրոսյանը հերթով հանում է հենման կետերը Սերժ Սարգսյանի իշխանության տակից: Շաբաթ օրը նրա ունեցած ելույթը Կոնգրեսի խորհրդի նիստում` այս ուղղությամբ արված հերթական կարևոր քայլն էր: Ընդ որում՝ այս ելույթն առավել արժեքավոր էր երկու հիմնական առումներով:

Նախ` Տեր-Պետրոսյանը հիմնավորապես ջախջախեց վերջին մեկ տարում իշխանական քարոզչության առանցքը դարձած արևմտամետ-ռուսամետ փուչ ու կեղծ, բայց, միևնույն ժամանակ՝ վտանգավոր օրակարգը: Դեռ 2012թ. դեկտեմբերի 25-ին ՀՀՇ համագումարում ունեցած իր ելույթում Տեր-Պետրոսյանը կանխատեսել էր, որ իշխանությունները նպատակ ունեն այս արհեստական փչված հակասությունների վրա նոր պառակտում մտցնել հայ հասարակության շրջանում: Ինչը և տեղի ունեցավ հատկապես 2013թ. երկրորդ կեսից սկսած ու իր կուլմինացիային հասավ սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը, քաղելով իր չհաշվարկված, անգրագետ ու խաղադրույքային քաղաքականության հետևանքները` նվաստացած բարձրաձայնեց Մաքսային միություն մտնելու որոշումը: Ու չնայած այս ֆիասկոյին՝ Սերժ Սարգսյանին ու նրա վարչախմբին դեռևս հաջողվում էր այս թեզը տաք պահել քաղաքական և հասարակական շրջանակներում: Մի պարզ նպատակով. հեռացնել հասարակական դժգոհության նետերն իրենից: Տեր-Պետրոսյանից պահանջվեց ընդամենը ևս մեկ ելույթ՝ այդ թեզը վերջնականապես հուղարկավորելու համար:  Արանքից հանվեց իշխանական վերջին կեղծ քարոզչական թեզերից մեկը ևս (մնաց մեկը, բայց դա այլ թեմա է), ինչն իշխանությանը և նրա արբանյակներին պապանձել է հերթական անգամ:

Հաջորդ կարևոր ազդեցությունը, որ ունենում է Լևոն տեր-Պետրոսյանի ելույթը, և որը դեռ տեսանելի չէ հասարակության լայն շերտերին, դա պետական մեքենայում տեղի ունեցող խմորումներին աջակցելն է: Իհարկե, այս գործընթացին նպաստում են այլ գործոններ ևս, ինչպես, օրինակ` գազային մեքենայությունները, կենսաթոշակային պարտադիր վճարների հակաժողովրդական օրենքը, բիզնեսի նկատմամբ Սերժ և Տիգրան Սարգսյանների վարած գիշատիչային քաղաքականությունը և այլն: Սակայն այս ամենի և, ընդհանրապես՝ Սերժ Սարգսյանի վարչախմբի դեմ քաղաքական բողոքի ձևակերպման մասով Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա առաջնորդած Հայ ազգային կոնգրեսը մնում են առաջատար և օրակարգ թելադրող: Զուգահեռաբար ընթացող համագործակցությունը ոչ իշխանական քաղաքական ուժերի, նախևառաջ՝ ԲՀԿ-ի հետ, լրջագույն ռեզոնանսներ են առաջացնում պետական ապարատում և գործարար հատվածում: Վերջիններիս կարևոր դերակատարությունը բուրժուադեմոկրատական հեղափոխության իրագործման համար հավելյալ բացատրությունների կարիք չունի: Իսկ այն, որ Տեր-Պետրոսյանի խոսքը, թե վստահաբար շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը, նաև իր մեջ պարունակում էր հստակ ակնարկ, որ հեռու չէ այն օրը, երբ Կոնգրեսն իր գործունեության ծանրությունը կրկին կտեղափոխի Ազատության հրապարակ՝ գործընկեր ունենալով հակաիշխանական լուրջ գործոններ, ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ` գործարար, քաղաքացիական շրջանակներում և պետական համակարգում: Իսկ Սերժ Սարգսյանն այդ ալիքին պիտի դիմակայի նախկինից անհամեմատ ավելի քիչ ռեսուրսներով և, որ կարևոր է՝ զրկված արտաքին որևէ աջակցությունից:

Հ.Գ. Իշխանություններն ու իշխանական «ընդդիմադիրները» փորձեցին, իհարկե, Տեր-Պետրոսյանի ելույթի շուրջ քննադատական փոթորիկ բարձրացնել սոցիալական ցանցերում, սակայն այս հնարքը վաղուց արդեն բացահայտված է և սովորաբար ունենում է մի քանի օրվա կյանք: Իհարկե, այս շարքերում կային նաև քաղաքացիներ, ովքեր, ազնիվ մղումներով քաղաքացիական դիրքերից հանդես գալով` փորձում էին ելույթում տեղ գտած փաստական արձանագրումներին հակադրել ցանկալին (այն, ինչ կոչվում է wishful thinking), բայց դե ոչ ոք դեռ հեռուն չի գնացել՝ փաստերի դեմ կռիվ տալով:

Մհեր Եղիազարյան 

Նախորդ հոդվածը‘Ուղիղ միացում ԱԺ-ի մոտ ընթացող բողոքի ակցիայից’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի պահանջով՝ ԱԺ-ում 20 րոպե ընդմիջում ‘