‘Տեր Սահակ. եկեղեցին Ներսիսյան եղբայրների «դուքյանն» է դարձել ‘

5314

Ֆրանսիայի Նիսի և Կոտ Դ՛Ազուրի Սուրբ Աստվածածին հայ առքելական  եկեղեցին, որը կառուցվել է 1928 թ., Ցեղասպանությունից  մազապուրծ եղած և Ֆրանսիա արտագաղթած հայերի ջանքերով, վերջերս Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի որոշմաբ հայտարարվել է ոչ առաքելական, իսկ եկեղեցու քահանա տեր Սահակն էլ՝ կարգալույծ:

Նշենք, սակայն, որ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները դեմ են կաթողիկոսի այդ որոշումներին եւ չեն ընդունել դրանք: Դրանից հետո էլ Էջմիածնից և Գարեգին Բ-ի շրջապատի հոգևորականներից հաճախ կարելի է լսել տեր Սահակի հասցեին ուղղված քննադատություն, իսկ վերջերս էլ այդ գործին լծվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամը և Նիսի եկեղեցու նախկին քահանա տեր Վաչեն, ով ներկայումս Ստրասբուրգի թեմի հոգևոր հովիվն է, որին, ի դեպ, Ֆրանսիայում փողերի լվացման և կավատության մեղադրանք է առաջադրված, և գործն այս պահին գտնվում է Ֆրանսիայի վերաքննիչ դատարանում:

iLur.am-ի հետ զրույցում տեր Սահակը, արձագանքելով  տեր Վահրամի՝ իր հասցեին հնչեցրած քննադատություններին, նշեց, որ «նա լիակատար ստախոս է» և հիշեցրեց մի քանի դեպքեր, երբ տեր Վահրամն իր մասին սուտ լուրեր է տարածել:

«Նա ստել է իմ մասին, որ ինձ իբրև թե ձեռնադրել է  Տիրան Սրբազանը, բայց ինձ 1995 թվականին ձեռնադրել է  Գրիգորիս սրբազանը՝ երջանկահիշատակ Գարեգին 1-ինի օրհնությամբ, և իր հավանությամբ է այդ ձեռնադրությունը եղել: Այս մարդը խեղաթյուրում է անգամ այն ակնհայտ բանը, որը Գրիգորիս սրբազանը չի հերքել անգամ: Սա իրենց ոճն է: Իրենց համար դա սովորական բան է: Այդ մարդը լիակատար ստախոս է, եւ ինչ որ իրեն ներշնչում են Ներսիսյան եղբայրները (նկատի ունի Գարեգին Բ-ին եւ նրա եղբորը-խմբ.), այն էլ ասում է: Ներողություն, որ այդպես եմ արտահայտվում, բայց եկեղեցին Ներսիսյան եղբայրների դուքյանն է դարձել: Մի հատ թութակ են պահում այնտեղ, որը անընդհատ իրենց սխալները, իրենց անօրինությունները արդարացնում է, նաև սրբացնում է: Ինձ ասեք մի կաթողիկոս, որ  խոսնակ ունենար, որը հեռուստատեսությամբ կամ մամուլում հանդես գա, չի եղել նման բան: Հովվապետն ինքն է խոսում, ինքը խոսնակի պետք չունի»,- ասում է տեր Սահակը:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի այն այն որոշմանը, ըստ որի՝ Նիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին առաքելական չէ՝ տեր Սահակն այդ կապակցությամբ ասում է. «Կաթողիկոսը չպետք է այդքան տգետ լինի, նա այդքան գրագիտություն պիտի ունենա, որ հասկանա, որ ինքը չի կարող միայնակ նման որոշումներ կայացնել: Սա զուտ իր անձնական որոշումն էր, և սա երբեք չի կարող համարվել որպես փաստաթուղթ, և որպես ուղեցույց՝ եկեղեցու համար: Երեք կաթողիկոսներ Նիս եկան, պատարագ արեցին, եպիսկոպոսներ, քահանաներ փոխվեցին, գիտե՞ք քանի հոգևորականներ են այստեղ փոխվել, ժողովրդի երկու-երեք սերունդ է այստեղ փոխվել: Աղոթած եկեղեցի է սա, ինչպե՞ս կարող է մի մարդ իր քմահաճությամբ ու խոսքով  վերցնել այդ անունը աղոթած եկեղեցուց: Սա ուղղակի ցնդաբանություն է»,- ասում է քահանան:

                                                                                                 

Խոսելով Գարեգին Բ-ի կողմից կայացված կարգալուծությունների որոշումների մասին՝ տեր Սահակն ասում է, որ իր համար այս որոշումներից  որևէ մեկը հիմք չունի:

Տեղեկացնենք, որ Ստրասբուրգի թեմի հոգևոր հովիվ տեր Վաչեն հայաստանյան իշխանական մամուլի միջոցով հայտարարել էր, թե Սուրբ Ծննդյան օրերին Նիսի եկեղեցում  տեր Սահակի շուրջն ընդամենը մի քանի հոգի են եղել, և այնտեղի հայերի  մեծամասնությունը եկեղեցի չի գնում: Տեր Սահակը, սակայն, հերքում է այդ լուրերը և նշում, որ  հունվարի 5-ին և 6-ին այնտեղ մատուցվել է պատարագ, որին ներկա է գտնվել մոտ երեք հարյուր հոգի՝ հայ համայնքի ներկայացուցիչներ: Պատարագին  ներկա է եղել նաև Մոսկվայից ժամանած Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը (Նոր Նախիջևանի Ռուսատանի հայոց թեմի նախկին առաջնորդ, ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս Ներսիսյանը- խմբ.): Տեր Սահակը մեզ է տրամադրել լուսանկարներ այդ օրվա պատարագից, որտեղ պարզ երևում է, որ եկեղեցին լեփ-լեցուն է ժողովրդով:

 

\"\"

\"\"

\"\" 

\"\"

Լիլիթ Թադևոսյան

Նախորդ հոդվածը‘ԱՊՀ դռները բաց են Վրաստանի առջև. ԱՊՀ գործադիր մարմնի ղեկավար’
Հաջորդ հոդվածը‘Սալոնիկում մառախուղի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել’