‘Տեր Վահրամ. Հայ եկեղեցին խառն ամուսնությունները չօրհնելու մասին որոշում չի կայացրել’

1673

Հայ Եկեղեցու կողմից խառն ամուսնությունները չօրհնելու մասին որոշում երբևէ չի կայացվել: Այս մասին iLur.am-ին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:

«Ցավալի է, որ կարգալույծ եղած անձանց ինչ-ինչ նպատակներով կատարված պոպուլիստական կատեգորիկ ցեխարձակումները Եկեղեցու հասցեին կարող են այդքան արժանահավատ նկատվել: Նկատի ունենալով ժամանակի մարտահրավերները` այսօրինակ խնդիրները, բնական է, որ միշտ էլ քննարկվում են Եկեղեցու կողմից: Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, հատկապես՝ Սփյուռքի իր թեմերի պարագային, շատ է առնչվում խառն ամուսնությունների խնդրին: Եկեղեցու դիրքորոշումը այս պարագային հստակ է. Եկեղեցին օրհնում է խառն ամուսնությունները, երբ ամուսիններից մեկը Հայ Եկեղեցու զավակ է, իսկ մյուսն ընդունում է Հայոց Եկեղեցու դավանության ուղղափառությունը: Սակայն ելնելով այն հանգամանքից, որ Հայոց Եկեղեցին ազգային եկեղեցի է, այն միավորում ու իր հովանու տակ է առնում հայոց ազգային ինքնությունը կրող զավակների և վերջիններիս հետ ամուսնական կապի մեջ եղած անձանց»,- iLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի պատասխանում:

Նշենք, որ Ֆրանսիայի Նիսի և Կոտ դ՛Ազուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանան iLur.am-ին ասել էր, թե Հայաստանում կայացած հոգևորականների ժողովի ժամանակ, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը, որոշում է կայացվել չօրհնել խառն ամուսնությունները:

«Սահմանդրությունը ո՞ւմ համար է  գրված: Հոգևորականները այդ ժողովին պետք է մասնակցեն: Դուրս է գալիս՝ հոգևորականները նախագահի դուդուկի տակ են պարում, և ինքը պետք է իրենց հրահանգ տա՝ ինչպես անեն:  Իսկ այդ ժողովի ժամանակ որոշում ընդունվեց, որ հայ առաքելական եկեղեցիներում խառը ամուսությունները չօրհնեն: Սա գիտե՞ք՝ ինչ հարված է Սփյուռքին, այստեղ ժողովուրդը խենթացել էր: Օրինակ՝ հայ տղա է, և ֆրանսիացի աղջկա հետ պետք է ամուսնացնեմ, հիմա չամուսնացնե՞մ, ասեմ՝ գնա՞, մարդիկ իրար սիրել են»,- նշել էր Տեր Սահակ քահանան:

 

Նախորդ հոդվածը‘«Չելսիի» եւ Լեմպարդի ռեկորդները’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այցելել է Արցախի վերահսկիչ պալատ’