‘Տիգրան Առաքելյանի նամակը Հրայր Թովմասյանին’

1254

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը բանտից դիմում- նամակ է ուղարկել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հանրահայտ փաստ է, որ ես՝ Տիգրան Սամվելի Առաքելյանս, 2011-ի օգոստոսի 9-ից ապօրինի գտնվում եմ կալանքի տակ: Չեմ ցանկանում դիմումը ծանրացնել քրեական գործում առկա փաստական հանգամանքներով: Ձեզ գրում եմ, որպես արդարադատության խորհրդի փոխնախագահի: Օրենքի հրամայական պահանջն է, որ Դուք դիմեք արդարադատության խորհրդին՝ դատավորներ Արմեն Դանիելյանին, Մհեր Արղամանյանին և Լիլիթ Թադևոսյանին լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմելու հարցով:

Կարգավորող օրենքի 19-րդ հոդվածի առաջին կետով՝ այն է.
/օրինականության կոպիտ խախտում թույլ տալը/ նշածս երեք դատավորները պետք է այլևս դառնան նախկին դատավորներ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
1. Վերաքննիչ դատարանի կողմից մեր բողոքը ընդունվել էր վարույթ և պետք է այն քննվեր վերաքննության կարգով:

2. Առհասարակ որևէ քննություն չի իրականացրել վերադաս դատարանը:

3. Մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները:

4. Զրկված ենք եղել պաշտպանական ճառի իրավունքից:

5. Զրկված ենք եղել վերջին խոսքի իրավունքից:

6. Նշածս ապօրինությունները թույլ են տրվել բացահայտ, ներկա են եղել ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ոչինչ այլևս չեմ ավելացնում, քանի որ վստահ եմ, Դուք ինձնից ավելի լավ գիտեք կատարվածի մանրամասները:

Պահանջում եմ, որպես արդարադատության բարեփոխումների ջատագով և, ինչու չէ, շահագրգիռ անձ, հանդիպել ինձ և քննարկել նշածս հարցերի լուծման հնարավորությունները»:

 

Նախորդ հոդվածը‘900 հազար դոլար՝ Օբամայի հարևանության համար ‘
Հաջորդ հոդվածը‘Ըստ ղազախական իշխանությունների՝ Google, Facebook, Twitter и LiveJournal սոցցանցերը ընդդիմադիր լրատվամիջոցներ են’