‘Տիգրան Առաքելյան. Ինչպես ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին. Տեսանյութ’

1483

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից այսօր ազատ արձակվեց քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Դատական նիստի մեկնարկից դեռ շատ առաջ դատարանի դահլիճը լեփլեցուն էր Կոնգրեսի երիտասարդների հարազատներով, համախոհներով, լրագրողներով:

Դատարանի շենքի դիմաց նույնպես հավաքվել էին հարյուրավոր մարդիկ, որոնք պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այստեղ էին նաեւ ազատամարտիկ, վերջերս կալանավորված Վոլոդյա Ավետիսյանի ընկերները:

Դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ դատարանի կայացրած վճռո վմասնակիորեն բավարարվեց պաշտպանական կողմի բողոքը. բեկանվեց Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ 258 հոդվածի 3-րդ մասով եւ 216-ի առաջին մասով առաջին ատյանի կայացրած վճիռը:

Տիգրան Առաքելյանը 216-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ կետով առաջադրված մեղադրանքի մասով ճանաչվեց անմեղ եւ արդարացվեց` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ուշագրավ է, որ սա Տիգրանի նկատմամբ առաջադրված ամենածանր մեղադրանքն էր (ըստ որի, իբր Առաքելյանը մարմնական վնասվածք էր հասցրել ծառայություն իրականացնող ոստիկան Տիգրան Ավետիսյանին` գլխի հարվածով կոտրելով նրա քիթը): Հենց այս «արարքը», որում դատարանը հանցակազմ չգտավ, հիմք էր հանդիսանում, որպեսզի, դատարանները ավելի քան երկու տարի կալանքի տակ պահեին Տիգրան Առաքելյանին:

Միեւնույն  ժամանակ, Վերաքննիչ դատարանն Առաքելյանին մեղավոր ճանաչեց 216 հոդվածի առաջին մասով եւ 258 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` դատապարտելով նրան 3 տարվա ազատազրկման: Դատարանն պատժից ազատեց Տիգրանին` հիմք ընդունելով անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը:
Արտակ Կարապետյանը նույնպես համաներման կիրառմամբ ազատվեց սահմանված 3 տարի ազատազրկման պատժից: Դատարանի վճռով Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ երկուական տարվա ազատազրկումը կկիրառվի պայմանականորեն` մեկ տարվա փորձաշրջանով:

Չնայած որ դատարանի վճռով քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց, դահկլիճում հավաքված բազմությունը սուլոցներով ճանապարհեց դատարանին: Իսկ արդեն ազատության մեջ գտնվող Տիգրանը կատակով դիմեց իր հետ ողջագուրվող ծանոթներին ու հարազատներին. «Ժողովուրդ, եկեք դուրս գանք, թե չէ կարող ա փոշմանեն»:
Արդեն դրսում, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրեն շնորհավորելու առիթ չկա եւ որ երբեք իրեն անազատ չի զգացել:

«Այս փոփոխությունն ինձ ազատություն չվերադարձրեց: Ընդամենը փոխվել է իմ կարգավիճակը, արդեն ես կարող եմ ընտրել, թե ուր կարող եմ գնալ: Ինչպես ապօրինի բռնել են, այնպես էլ ապօրինի բաց թողեցին», — նշեց նա:

Ըստ Առաքելյանի, դատարանի նման վճիռը նաեւ իշխանությունների վրա հասարակության ճնշման արդյունք էր: Նա շեշտեց, որ այսուհետեւ ավելի ակտիվ է լինելու հանուն արդարության իր պայքարում, եւ «եթե ոտքիս տակ էլի ոստիկան ընկնի, էլի կգնանք դատարան»:

Դատարանի շենքի մոտ գտնվող Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նույնպես նշեց, որ դատարանին շնորհակալություն հայտնելու կամ դատարանի աշխատանքը գնահատելու կարիք չկա:

«Դատարանը ոտնահարել է արդարադատության բոլոր նորմերը ու նորից մեղավոր ճանաչել տղաներին: Մեզ այսպիսի արդարադատություն պետք չէ, ո՛չ շնորհակալ ենք, ո՛չ գնահատելու ենք: Այսպիսի արդարադատությունը համարելու ենք դատապարտված», — ասաց Զուրաբյանը: Նրա խոսքով, Կոնգրեսի տղաներն իրենց դեմ «սարքված» դատավարությունը վերածեցին ռեժիմի դեմ հանրային դատավարության:

«Դատավարության ընթացքում ամբաստանյալի նստարանին նստած էին Սերժ Սարգսյանը, դատավոր Եվա Դարբինյանը, դատախազը: Դատավարության ընթացքում տղաները ապացուցեին, որ իրական հանցագործները այս վերոհիշյալ մարդիկ են: Նրանք կարողացան անել այն, ինչ ժամանակին կարողացել են անել լրջագույն քաղաքական գործիչները», — ասաց Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ Սերժ Սարգսյանի իշխանավարության օրոք այսօր այն քիչ օրերից է, երբ Հայաստանում քաղբանտարկյալ չկա:

Իսկ Կոնգրեսի ակտիվիստների շահերի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ բողոքարկելու է Վերաքնիչ դատարանի վճիռը Վճռաբեկ դատարանում:  Նա նշեց, որ թեեւ դեռ չի ծանոթացել վճռի նկարագրողական մասին, բայց արդեն իսկ այն, որ իր պաշտպանյալների նկատմամբ լիովին արդարացման վճիռ չի կայացրել, հիմք է տալիս վստահեցնելու, որ դիմելու են Վճռաբեկ դատարան:  

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 408.00 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Վահրամ Աթանեսյանը Զորի Բալայանի նամակի վերաբերյալ «ասելիք չունի» ‘