‘Տիգրան Առաքելյան. Մեղադրյալի աթոռին պետք է նստած լինեին որպես «տուժող» ներկայացող ոստիկանները’

1342

Այս պահին  վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունը:

Դատավարության ընթացքում պաշտպանական կողմը՝ ի դեմս փաստաբան Մուշեղ Շուշանյանի, միջնորդություն է ներկայացրել՝ որպես վկաներ հրավիրել լրագրողներ Անի Գեւորգյանին, Վահագն Հովակիմյանին եւ Հայկ Գեւորգյանին: Դատավորը նշել է, որ ինքը արդեն դատակոչել է նրանց, եւ նրանք վկայություն կտան:

Տիգրան Առաքելյանը միջնորդել է դատակոչել ամենակարեւոր վկային՝ Արարատի մարզի Կանաչուտ գյուղի բնակիչ Ալիկ Սարգսյանին՝ նախկին ոստիկնապետին: Առաքելյանը նշել է, որ Ալիկ Սարգսյանն իր վկայությամբ կպատասխանի դատարանի բոլոր հարցերին:  

Դատարանը քննել է նաեւ պաշտպան Շուշանյանի միջնորդությունը՝ չեղյալ համարել Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը: Որպես հիմք՝ պաշտպանը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի վճիռը, ըստ որի՝ նախորդ ատյանների դատավարությունների ընթացքում խախտվել են ՔրԴատՕրի մի շարք նորմեր:

Տիգրան Առաքելյանը նշել է նաեւ, որ այս ընթացքում իր հետ դժբախտություն էր պատահել (մահացել էր հայրը-խմբ. կողմից), եւ նրան երեք օրով ազատ էին արձակել: Նա հավելել է, որ եթե ինքը դատավարությունից խուսափելու նպատակ ունենար, ապա դա կաներ այդ երեք օրերին:

Միջնորդությանը առարկել է մեղադրող կողմը: Դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ՝ այս միջնորդությունները քննելու համար:

Նշենք, որ մինչ դատավարության մեկարկը Տիգրան Առաքելյանը լրագրողներին ասել է, որ այս ամենը, ինչ տեղի է ունենում «այս դահլիճում՝ ֆարս է»: Նա հավելել է, որ «եթե ինչ-որ որոշում էլ կայացնեն, ապա այն կկայացվի այս դահլիճից դուրս»:  

Նա նշել է նաեւ,որ իրականում դատավարության կողմերը պետք է տեղերով փոխված լինեին: Մեղադրյալի աթոռին պետք է նստած լինեին որպես տուժող ներկայացող ոստիկանները, իսկ մեղադրյալ երիտասարդները՝ տուժողների աթոռներին:

Հավելենք նաեւ, որ մինչ ընթանում է դատավարությունը, դատարանի շենքի մոտ են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:  

 

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարություն (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահին. Անդրադարձ է եղել նաև ԼՂ հարցին’