‘Տիգրան Եգորյան. Հարկային տեսուչները փորձում են «վրաերթի» ենթարկել «Անտարես»-ին’

185806

Հարկային մարմինները շարունակում են տնտեսվարող սուբյեկտներին ընտրողաբար ստուգելու «հին ու բարի» ավանդույթները: Վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել է սահմանափակել հարկային ստուգումները՝ յուրաքանչյուր օրացուցային տարում մեկով, և դրանից ավել ստուգումներ անցկացնել միայն բացառիկ դեպքերում՝ վարչապետի թույլտվությամբ: Այնուհանդերձ, հարկայինի տեսուչները պարբերաբար ստուգման նպատակով այցելում են «Անտարես» հրատարակչության գրասենյակ և առանց պատշաճ հանձնարարագիր ներկայացնելու՝ «ստուգման նպատակով» փաստաթղթեր պահանջում:

Ինչպես iLur.am-ի հետ զրույցում նշեց հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, այսօր նույնպես հարկային տեսուչները այցելել են «Անտարես»-ի գրասենյակ  եւ նույն հարցով, նույն փաստաթղթերը ներկայացնելով, ցանկացել ստուգում իրականացնել: Նրա խոսքով՝ նրանք չունեն համապատասխան հանձնարարագիր, փոխարենը ունեն մի որոշում, որը, սակայն, հայտարարում են, որ գաղտնի է: «Առկա է նաեւ մի քաղվածք, որը իրենց պարտավորեցնում է ինչ-որ գործողություններ կատարել, սակայն օրենքի բացը մեզ չի պարտավորեցնում իրենց իրավունքների շրջանակները ապահովվել»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս անգամ նույնպես հրաժարվել է ներկայացնել ընկերության փաստաթղթերը:

Մեզ հետ զրույցում «Անտարես» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ դեկտեմբերի 10-ին հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը իրեն զանգահարել եւ տեղեկացրել է, որ «Անատարես» ՍՊԸ-ի գրասենյակ են այցելել երեք անձինք, ովքեր, առանց ներկայացնելու համապատասխան փաստաթղթեր եւ չունենալով որեւէ իրավական հիմք, պահանջել են ստուգման նպատակով ներկայացնել «Անտարես» ՍՊԸ-ին վերաբերող բոլոր փաստաթղթերը: «Բնականաբար, ես Արմեն Մարտիրոսյանին խորհուրդ տվեցի ոչինչ չներկայացնել, մինչեւ իմ ժամանելը: Տեղ հասնելուն պես ես համոզվեցի, որ այն, ինչ ինձ ասվել է, համապատասխանում է իրականությանը, որովհետեւ երբ ես ներկայացա որպես փաստաբան եւ որպես Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, այս անձինք կրկին հրաժարվեցին ներկայացնել իրենց անձը հաստատող փաստաթղթերը եւ այն իրավական հիմքերը, որոնք իրենց լիազորություն են տալիս կատարել ստուգում: Նրանք միայն բանավոր ասացին, որ գոյություն ունի քաղվածք, սակայն հրաժարվեցին ներկայացնել այն՝ պատճառաբանելով, որ գաղտնի է: Իմ հարցին, թե ի՞նչ են ցանկանում ստուգել, նրանցից մեկը պատասխանեց. «Դե բոլոր փաստաթղթերը ներկայացրեք, մենք կկողմնորոշվենք»: Բնականաբար, նման պահանջը չէր կարող մեր կողմից բավարարվել, որովհետեւ այն գրեթե անհնար է, որ լինի իրավաչափ: Այդ ի՞նչ օպերատիվ գործ պետք է լինի, որ պահանջվի ստուգման ենթարկել ՍՊԸ-ի բոլոր փաստաթղթերը՝ նրա ամբողջ գոյության ընթացքում»,- նշեց փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նրա խոսքով՝ մոտ մեկ ժամ տեւած խոսակցությունից հետո այդ անձինք, ի վերջո, սեղմեցին պահանջվող փաստաթղթերրի շրջանակը՝ մինչեւ վերջին եռամսյակի ընթացքում ֆինանսական փաստաթղթերի ներկայացման պահանջ: «Մենք կրկին առարկեցինք՝ ասելով, որ պարտադիր պետք է ներկայացվեն իրավական հիմքեր, եւ մեզ համար պետք է պարզ լինի, թե իրենք ովքեր են: Այդ պահին նրանցից մեկը, ով նկատել էր, որ ես ձայնագրում էի ամբողջ խոսակցությունը, զայրացած վրա հասավ եւ ձեռքիցս խլեց ձայնագրիչը՝ փորձելով ջնջել ձայնագրությունները: Քաշքշուքի պահին ես դիմեցի գրասենյակի աշխատակիցներին, որ զանգահարեն ոստիկանություն եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Սակայն մոտավորապես տասը րոպե անց այդ անձինք անհայտ պատճառներով կարծես թե մի թեթեւ սթափվեցին եւ վերադարձրին ձայնագրիչը, սակայն ձայնագրությունը ջնջված էր, չնայած՝ ես կարողացա այն վերականգնել: Սպառնալով, որ դեռ կվերադառնան, նրանք հանկարծակի հեռացան՝ ասելով. «Եթե դրսում մեզ հանդիպեիր, ուրիշ կերպ կխոսեինք քեզ հետ»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ ամբողջ ընթացում սթափության կոչ է արել նրանց՝ բացատրելով, որ լրիվ կորցրել են իրենց ադեկվատությունը եւ չեն գիտակցում, թե ինչ են անում՝ խոչընդոտելով փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացմանը: Նրա խոսքով՝ այդ մարդիկ պետք է ազատվեն իրենց պաշտոններից եւ ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավական իրավիճակին, փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց, որ առկա է ահազանգ 102 հետախոսահամարին եւ Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակ թե՛ «Անտարես» ՍՊԸ-ի նկատմամբ հարկային տեսչության օպերլիազոր ներկայացած անձանց կողմից իրականացված ապօրինի գործունեության մասին, թե՛ նույն մարդկանց կողմից փաստաբանի նկատմամբ իրականացված ապօրինի եւ քրեորեն հետապնդելի արարք կատարելու մասին: «Փաստացի, այս պահին չկա տեղեկատվություն այն մասին, որ 102-ին ներկայացված հաղորդումը իր տրամաբանական ընթացքն է ստացել: Դեպքից հետո, ի դեպ, ոստիկանությունը այցելել է Արմեն Մարտիրոսյանին, ինձ հետ նույնպես ունեցել է հեռախոսային խոսակցություն, բայց դրանից հետո մենք տեղեկացել ենք, որ գործը ուղարկվել է ֆինանսների նախարարություն: Սա, իհարկե, աբսուրդի ժանրից է, որովհետեւ, ըստ ենթակայության, գործը պետք է ուղարկվեր Հատուկ քննչական ծառայություն: Անհրաժեշտ է վարույթ հարուցել նաեւ պատասխանատու անձանց նկատմամբ, ովքեր այդ հաղորդման հիման վրա գործը չեն վերահասցեագրել ՀՔԾ, այլ ուղարկել են ֆինանսների նախարարություն»,- նշեց Տիգրան Եգորյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հարկային տեսուչները ցանկացած պահի կարող են ստուգումներ իրականացնել տարբեր կազմակերպություններում, Տիգրան Եգորյանը հայտնեց, որ դա կախված է նրանից, թե հարցին ո՞ր կողմից ես նայում: «Ցանկացած պահի պետական մարմնի կողմից կարող է իրականացվել միջամտություն, բայց օրենքի տեսանկյունից նայելով՝ հստակ է, որ ոչ մի գործողություն սույն մարմնի կողմից չի կարող լինել կամայական: Գոյություն ունի հստակ ձեւակերպված պատճառահետեւանքային շղթա, որի պարագայում կարող է այս կամ այն պատճառի դեպքում առաջանալ հետեւանք՝ ստուգում: Այդ պատճառները  եւ հետեւանքները, մինչեւ ստուգման իրականացումը՝ տեսանելի գործողությունների փուլը, անտեսանելի են: Օրինակ, երբ հայտնաբերվում են X կամ Y խախտումները, դրանց վերաբերյալ համապատասխան օպերլիազորը, ըստ օրենքի, միջնորդություն կամ զեկույց է ներկայացնում իր վերադասին, քննարկում է համապատասխան գործողությունների անհրաժեշտությունը, եւ իր վերադասը, ելնելով դրանց պատճառաբանվածությունից, հիմնավորվածությունից, անհրաժեշտությունից, տալիս է, օրինակ, ստուգում իրականացնելու հանձնարակական, որի հիման վրա էլ օպերատիվ-հետախուզական մարմինները գնում են եւ ներկայանում տնտեսվարողին, ինչը առանձին գործընթաց է, եւ իրականացնում են ստուգում:

Ինչպե՞ս են իրականացնում այդ ստուգումը: Այստեղ նույնպես ամեն ինչ հստակ եւ որոշակի է: Այդ ստուգումը նման չէ Խորհրդային Ռուսաստանի ժամանակ իրականացվող ստուգումներին, երբ պետական մարմինները իրականացնում էին ոչնչացման կամ ռեկետի գործառույթներ: Դա հստակ կանոնակարգված գործողություն է. պետական մարմինը հստակ պետք է իմանա, թե կոնկրետ ի՞նչ ստուգելու անհրաժեշտություն ունի, հստակ ձեւակերպի իր պահանջը եւ ստանա իրեն անհրաժշտ ստուգման ենթակա փաստաթղթերը, որովհետեւ հետո, երբ գործը մտնում է լիովին տեսանելի փուլ, եւ բացահայտվում կամ հերքվում X կամ Y խախտումը, արդեն հարց է առաջանում՝ եթե ստուգումը էականորեն ավելի ընդլայնված տիրույթներ է շոշափել, քան անհրաժեշտ էր առկա գործի շրջանականերում, ապա ինչու՞ է պետական մարմինը, որը ինչ-որ գործի շրջանակներում պետք է ստուգեր A, B, C փաստաթղթերը, ստուգել մինչեւ Z բոլոր փաստաթղթերը: Այս պարագայում կոնկրետ կազմակերպաիրավական ձեւ ունեցող անձը կարող է բողոքարկել եւ պահանջել վնասների հատուցում, եւ, բնականաբար, որպեսզի այսպիսի իրավիճակ չլինի, պետական մարմինը չի կարող դիմել եւ չպետք է դիմի ինքիրավչության. նա պետք է գործի բացառապես իր լիազորությունների եւ անհրաժեշտության տիրույթում: Իհարկե, կարեւոր հարց է նաեւ այն, որ պետական մարմնի ներկայացուցիչները, պաշտոնատար անձինք չեն կարող իրենց պահել դիմակավորված հանցագործների նման. այդ անձինք պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր եւ վկայականներ, իրավական հիմքեր եւ նրանց գործողությունների իրավաչափությունն ապացուցող այլ ակտեր, օրինակ՝ հանձնարարականներ»,- հավելեց Տիգրան Եգորյանը:

Նա նշեց, որ հաջորդ օրը նույնպես այդ անձինք եկել էին Արմեն Մարտիրոսյանի գրասենյակ եւ գրեթե ամբողջ օրը օկուպացրել այն, սակայն այդ անգամ արդեն ներկայացրել էին վկայականներ, եւ պարզվել էր, որ այդ անձինք՝ Վարդան Վարդանյանը, Հովհաննես Գրիգորյանը եւ Գեւորգ Հարությունյանը, իսկապես ֆինանսների նախարարության օպերլիազորներ են: «Ի դեպ՝ ասեմ, որ միայն Գեւորգ Հարությունյանը, նախորդ օրը հեռանալիս, ներկայացրեց իր փաստաթուղթը՝ երեւի թե գիտակցելով իրավիճակի լրջությունը, սակայն մյուս երկուսը այդպես էլ անդրդվելի մնացին»,- ասաց փաստաբանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հաջորդ օրը այդ մարդկանց հաջողվեց իրենց ստուգումները իրականացնել, Տիգրան Եգորյանը նշեց, որ այդպես էլ նրանք հստակ փաստաթութ չպահանջեցին եւ չուսումնասիրեցին: «Հստակ է, որ այս մարդիկ ինչ-որ օրենքով չսահմանված եւ չնախատեսված «հանձնարարականի» շրջանակներում փորձում էին, այսպես ասած՝ «վրաերթի» ենթարկել «Անտարես»-ին կամ Արմեն Մարտիրոսյանին, ով երեւի թե թույլատրելի համարձակության չափն իրենց կարծիքով անցել է: Ակնհայտ է, եթե նրանք գործեին օրենքի շրջանակներում, եւ իրենց պահանջները հիմնված լինեին կոնկրետ փաստերի վրա, սպա քաջատեղյակ կլինեին, թե իրենց ի՞նչ է անհրաժեշտ, քանի որ իրենք չէին կարողանում ներկայացնել այնպիսի պահանջ, որը մենք կա՛մ կբավարարեինք, կա՛մ ոչ: Ավելին, եթե իրենց պահանջը իրավաչափ եւ հիմնավորված լիներ, ապա մեր կողմից մերժում ստանալու պարագայում իրենք կդիմեին այլ միջոցների, սակայն նրանք դա չարեցին, քանի որ գիտակցում էին, որ իրավացի չեն եւ օրենքով չեն շարժվում, հետեւաբար՝ լիազորություն չունեն եւ չեն կարող այլ հարկադրանքի միջոցներ ձեռնարկել:

Ավելին ասեմ, երբ ես նրանց հարցրի, թե արդյո՞ք իրենց հետաքրքրում են միայն վերջին եռամսյակի փաստաթղթերը, նրանք պատասխանեցին՝ այո՛, առայժմ այդքանը բերեք: Այսինքն՝ եթե մենք հիմա ներկայացնում ենք այդ եռամսյակի փաստաթղթերը, ապա խնդիր չգտնելու դեպքում նրանք կարող էին անմիջապես հետո ասել, որ բերենք նաեւ այն մյուս եռամսյակի փաստաթղթերը: Նրանք չգիտեին, թե ի՞նչ են փնտրում, իսկ այդքանը ուսումասիրելուց հետո չէին կարող մեզ անմիջապես պահանջ ներկայացնել ինչ-որ այլ ծավալներ ուսումնասիրելու մասին: Նրանք պետք է գնան, այդ անհրաժեշտությունը հիմնավորեն իրենց վերադասին, ստանան նոր հանձնարարական, եւ այնուհետեւ իրականացնեն ստուգում: Նրանք, քիչ է՝ հիմա չունեին այդ հանձնարարականը, քիչ է՝ խոստովանում էին, որ չգիտեն, թե կոնկրետ  ինչ են ման գալիս, մի հատ էլ՝ թվում էր, թե եկել են իրենց հպատակի տուն, որտեղ ինչպես կցանկանան, այդպես էլ կվարվեն այդ հպատակի հետ: Սա է ստացվում: Դատելով նրանց լկտիության աստիճանից՝ շատ այլ անպաշտպան գործարարների հետ այդպես էլ վարվում են այս կիսահանցագործ տարրերը, որոնք ներթափանցել են պետական ծառայության տիրույթ»,-ընդգծեց Տիգրան Եգորյանը:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը շարունակում է բուժման կուրսը «Արմենիա» ԲԿ-ում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է դարձել Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի անունը’