‘Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական կազմին’

414

Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին:

ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարևորությունը գալիք ընտրությունների ժամանակ: Բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը` ԿԸՀ նախագահը ներկայացրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահը հատկապես կարևորել է տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված մասնագիտական դասընթացները, հանրային իրազեկման և հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին իր հերթին, ներկայացնելով առաքելության նպատակները, տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, որոնք անմիջապես կանցնեն իրենց գործառույթների իրականացմանը, կայցելեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` ծանոթանալու վերջիններիս աշխատանքներին:

Նախորդ հոդվածը‘Samsung-ը ներկայացրել է ճկուն էկրանով հեռախոսի օրինակը’
Հաջորդ հոդվածը‘Երեք տարվա ընթացքում երիտասարդ տղան կին է դարձել (տեսանյութ)’