‘Տիգրան Մուկուչյան. Ընտրական համակարգի նկատմամբ վստահելիության բարձրացման տեսանկյունից անելիք կա’

900

Ընտրական համակարգի նկատմամբ վստահելիության բարձրացման տեսանկյունից կա անելիք: Այսօր Սահմանադրական դատարանում նման հայտարարություն է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով դիմող կողմի հարցերին: Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում ԿԸՀ գործառույթների թափանցիկությունն ապահովելու ու լիակատար վերահսկելիության մթնոլորտ ձևավորելու ուղղությամբ: Այնուհետև նա անդրադարձել է դիմող կողմի ներկայացրած ապացույցներին՝ հայտարարելով, թե դրանք պետք է ներկայացվեն պատշաճ ձևով:

«Հանձնաժողովը պետք է պարզի՝ ո՞վ է հեղինակը, ի՞նչ մասնագետներ են ներգրավված, ունե՞ն քաղաքական հակվածություն, թե՞ անկախ փորձագետներ են: 4000-ից ավելի դիտորդների կարծիքն անտեսվում է, ու 200 դիտորդների կարծիքի հիման վրա կազմվում է վերլուծություն: Եթե խոսում ենք փորձագիտական եզրակացության մասին, ապա այս հարցերն ունեն խիստ էական նշանակություն»,- ասել է Մուկուչյանը՝ նշելով, որ եթե դրանք մինչև վերջ պարզաբանված չլինեն, հնարավոր չէ որևէ դատողություն անել:

Ինչ վերաբերում է ընտրությունների օրվա ավարտին ԿԸՀ կայքի խափանմանը, որը դիմող կողմը համարում է կեղծարարության մաս, Տիգրան Մուկուչյանը նշել է, թե դա ընդամենը 10-15 րոպեի խնդիր է եղել և պայմանավորված է եղել նրանով, որ միանգամից 47 հազար սուբյեկտ է մուտք գործել կայք:

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը հետաքրքրվե լէ  Մուկուչյանից, թե ով է իրեն ԿԸՀ անդամ նշանակել: Մուկուչյանն ասել է, թե հարցը խնդրի հետ առնչություն չունի ու առաջարկել է ծանոթանալ իրավական ակտերին: Մեժլումյանը հակադարձել է, թե ինչու է Մուկուչյանը խուսափում  պատասխանել հարցին, սակայն Մուկուչյանը պնդել է, թե օրենքով սահմանված կարգով է նշանակվել: ԿԸՀ նախագահը չի համաձայնել Մեժլումյանի այն դիտարկմանը, թե ԿԸՀ անդամները Սերժ Սարգսյանի շահերն են ներկայացնում, ինչպես ընտրական հանձնաժողովների նախագահները՝ ԿԸՀ-ի:

Նախորդ հոդվածը‘Միայն իշխանափոխություն, որովհետեւ կիսատ-պռատ լուծումները ծնում են նոր խնդիրներ’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացիները հերքել են Ադրբեջանում հեղափոխություն նախապատրաստելու մեղադրանքները’