‘Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ներկայացված հայցադիմումից’

1283

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դիմում է ներկայացրել դատարան՝ հրաժարվելով բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ ներկայացված հայցադիմումից: Այս մասին բլոգերը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Ամիսներով ձգձգվող դատահետաձգությունը վերջապես ավարտվեց։ Տիգրան Ուրիխանյանը, գոնե ինձ համար, անակնկալ քաղաքական խոհեմություն դրսևորելով, դիմում ներկայացրեց դատարան՝ հայցադիմումից հրաժարվելու մասին։ Ողջունում եմ այդ իսկապես խելացի քայլը, որը մեզ երկուսիս էլ կազատի անիմաստ քաշքշուկից ու թույլ կտա մեր ժամանակն ավելի օգտակար կերպով օգտագործել»,-գրել է բլոգերը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նախորդ տարվա դեկտեմբերին դատական հայց էր ներկայացրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ: Տիգրան Ուրիխանյանը պահանջում էր իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար պարտավորեցնել պատասխանողին հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում՝ 1.000.000 դրամ բռնագանձել:

Այդ պահանջների հետ մեկտեղ՝ խնդրվում էր քննել նաև Demotivator.am և Blognews.am կայքերից և սոցցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջը և պարտավորեցնել պատասխանողին հեռացնել նշված նյութերը: Խոսքը համացանցում հայտնված դեմոտիվատորի մասին է, որտեղ քննադատվել էր Տիգրան Ուրիխանյանին ամենաոճային գործիչ ճանաչելու փաստը:

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյանը՝ ապրիլի 9-ին. 100 հազար դոլար կաշառք են առաջարկել՝ չենք վերցրել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օգնե՛նք հրդեհից տուժած մանկատան երեխաներին’