‘Տիգրան Ուրիխանյանի կարծիքով՝ հարկավոր է ականջալուր լինել հնչող պահանջներին’

931

Մի բան ակնհայտ է՝  «Ժառանգության» ղեկավարի պահանջները, առաջարկները հնչում են հրապարակից, որտեղ կա դժգոհություն, բոյկոտ, պահանջ ունեցող զանգված, և ամեն դեպքում հարկավոր է ականջալուր լինել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին հղած նամակին: «Թե ինչ կստացվի, ես չեմ կարող երրորդ անձանց փոխարեն պատասխանել»,- նշեց Ուրիխանյանը:

Նա չցանկացավ կանխատեսումներ անել, թե արդյոք Սերժ Սարգսյանը կընդունի Հովհաննիսյանի պահանջները, և թե արդյոք Հովհաննիսյանն ընդառաջ կգնա ու կբանակցի Սերժ Սարգսյանի հետ:

«Ես չեմ ուզում կանխատեսումներ անել: Երբ փաստացի իրադարձություններ տեղի ունենան, կմեկնաբանեմ: Խնդրում եմ՝ ինձ մի տարեք ենթադրությունների ոլորտ: Ես ի՞նչ իմանամ՝ Սերժ Սարգսյանը ինչ կընդունի, ինչ չի ընդունի, Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ կանի, ինչ չի անի»,- ասաց Ուրիխանյանը:

Մեր հարցին, թե համամի՞տ է այն կարծիքին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այլևս չի վիճարկում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն ու արդեն խոսքը պաշտոնների մասին է, Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Որքան գիտեմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնում է պահանջներ, որոնք բխում են կամ պիտի բխեն հանրային շահից»:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի մայրաքաղաքում խոշոր ահաբեկչություն է կանխվել’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ՀԴԲ-ում Կադիրովի թիկնապահների պատճառով գործադուլ են անում ‘