‘Տիգրան Ուրիխանյան. Ինչո՞ւ են «Ժառանգության» հանձնաժողովների տեղերը Հանրապետական կուսակցության անդամներով լցվում’

1673

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերքում է իր հասցեին հնչող այն մեղադրանքները, թե ընտրակաշառք է բաժանում` միաժամանակ մեղադրանքներ ներկայացնելով իրեն քննադատող «Ժառանգությանը»:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հակադարձեց «Բարև, Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով ասել էր, թե «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ամբողջ Երևանով սկսել են ընտրակաշառք բաժանել»:

«Ես ուզում հարցնել «Բարև, Երևան» դաշինքին. ինչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը Հանրապետական կուսակցության անդամներով լցվում: Եթե որևէ մեկը պատրաստ է հերքել սա, հրավիրում են իրեն բանավեճի հրապարակավ, այսինքն` ոչ թե բանավեճի, այլ փաստեր դիտարկելու: Կվերցնենք այդ փաստերը, անուն առ անուն կնստենք լրատվամիջոցների և հանրության ցանկացած այլ շահագրգիռ ներկայացուցիչների հետ և կփորձենք պատասխանել այդ հարցին», — ասաց ԲՀԿ խոսնակը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ուրիխանյանը «Ժառանգություն» կուսակցությունից որոշակի պարզաբանումներ պահանջեց ինչպես ընտրական հանձնաժողովների տեղերի, այնպես էլ ոչ իշխանական ուժերի հետ չհամագործակցելու վերաբերյալ:

«Նախ և առաջ թող «Ժառանգությունը» թող բացատրի, թե ինչու չի համագործակցում մյուս ընդդիմադիր և այլընտրանքային ոչ իշխանական ուժերի հետ ընտրությունների որակի պահպանման առումով, և ինչու են իրենց հատկացված մասնաբաժիններով հանձնաժողովներում հայտնվում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ», — ասաց Ուրիխանյանը:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի շքեղ առանձնատներից մեկը (լուսանկարներ) ‘