‘Տիգրան Սարգսյանը՝ ՄՄ-ին միանալու մասին. Հայաստանը խորը և դարավոր արմատներ ունի Ռուսաստանի հետ’

814

Տիգրան Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է հոկտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին: Հանդիպման ժամանակ վերջինս խոսել է նաեւ Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի իշխանությունների հայտարարությունների մասին:

«Կարծում եմ` հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս: Վերջին տարիներին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ՄՄ-ի շրջանակներում, և եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է: Դրա համար էլ կայացվել է քաղաքական որոշում, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի ՄՄ-ի շրջանակներում»,- ասել է Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ այդ ընտրությունը դիտարկվում է նաև աշխարհաքաղաքական, մշակութային, ազգային անվտանգության համատեքստում, քանի որ Հայաստանը խորը և դարավոր արմատներ ունի Ռուսաստանի հետ: Մեդիաֆորումի շրջանակներում Հայաստան են ժամանել ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների 36 ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս Տիգրան Սարգսյանը Մաքսային միությանը միանալը անիմաստ էր համարում, եւ իր ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի հետ միասին գնում էին դեպի Եվրոպա: 

Նախորդ հոդվածը‘Ապատուրայ. Դաշինքը երբեք հետխորհրդային տարածությունում ընդլայնման նպատակներ չի հետապնդել’
Հաջորդ հոդվածը‘Ռուս փորձագետ. Իհարկե, խոշոր մասնավոր ներդրումները կթելադրեն իրենց կանոները’