‘Տիգրան Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը կմեկնեն Գերմանիա և ԱՄՆ. Կառավարական պատվիրակության կազմում են նաև պաշտոնատար այլ անձինք’

883

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 6-14-ն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ինչպես տեղեկացնում  է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կմասնակցի  Commerzbank-ի կենտրոնակայանում կայանալիք գործարար համաժողովին և հանդիպում կունենա Commerzbank-ի ղեկավարության հետ:

ԳԴՀ այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը երկրամասի ղեկավարության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆրանկֆուրտի հայ համայնքի հետ: Կառավարության ղեկավարը կմասնակցի նաև Gutenberg թանգարանում կազմակերպվող, հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Դեկտեմբերի 8-ին Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկֆուրտից կմեկնի ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգ: Եռօրյա աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի Կալտեք համալսարան, հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության հետ, ինչպես նաև Կալիֆորնիայի հայ գիտնականների հետ: Հանդիպմանը ներկա կլինի նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Դեկտեմբերի 9-ին վարչապետ Սարգսյանը կայցելի Գեթթի թանգարան` 14-րդ դարի Վերածննդի դարաշրջանի սկզբի Ֆլորենցիայի գեղանկարչության ցուցադրությունը դիտելու և Գեթթի պահոց՝ Զեյթունի ավետարանի 8 էջերին ծանոթանալու նպատակով: Այնուհետև Տիգրան Սարգսյանը կժամանի Բըրբանք` Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան ԱՄՆ առաջնորդարան, որտեղ կհանդիպի Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Այցի երրորդ օրը ՀՀ վարչապետը Սթենֆորդի համալսարանում կմասնակցի «ArmTech Congress»-ի լիագումար նիստին և հանդես կգա ելույթով: Կառավարության ղեկավարը կայցելի «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատոր, որտեղ ներկա կգտնվի Հայաստանի ՏՏ ներկայացուցչական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը և Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին հուշագրի ստորագրմանը: Նախատեսվում է նաև Intel ընկերության կողմից Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխ¬ըմբռնման հուշագրի ստորագրում, Տիգրան Սարգսյանի այցը IBM ընկերության Ալմադեն հետազոտական կենտրոն և հանդիպում IBM-ի ղեկավարության հետ:

Դեկտեմբերի 11-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Բոսթոն, որտեղ նախատեսվում է ՀՀ վարչապետի մասնակցությունը Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնում կայանալիք սեմինարին: Տիգրան Սարգսյանը կայցելի նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, կհանդիպի տեղի հայ ուսանողների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում սեփական պաշտպանության նախարարությունն է ստեղծում’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակում’