‘Տիգրան Սարգսյանը իր ուզած հեղափոխությունը չի տեսնում Ազատության հրապարակում’

1231

Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց՝ արդյոք նա չի՞ պատրաստվում ուրբաթ օրն այցելել Ազատության հրապարակ՝ հանրահավաքի եւ, ընդհանրապես, մասնակցել «Բարեւի» հեղափոխությանը՝ զատվելով Բաղրամյան 26-ում բանտարկված Սերժ Սարգսյանի ազդեցությունից:

Տիգրան Սարգսյանն, ի պատասխան, նշեց, որ ուրբաթ Հրապարակ չի գնալու՝ այլ միջոցառումներ ունի նախատեսած: Ըստ Տիգրան Սարգսյանի, Փոստանջյանի հռետորաբանությունը «վատ ճանապարհ է եւ վատ տեղ է տանում»: «Մենք հարգալից ենք վերաբերում ձեր քաղաքական սկզբունքներին, ուզում եմ խնդրել, որ դուք էլ հարգալից վերաբերվեք մեր քաղաքական թիմին», — ասաց վարչապետը:

«Ես ճիշտ հասկացա, ձեր մեջ արդեն մարել է հեղափոխական լինելու ցանկությունը: Հուսանք, որ հեղափոխությունը նորից ձեր մեջ կարթնանա», — արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: Նա կրկին հարց ուղղեց՝ հասարակությունը տրամադրված է քաղաքացիական անհնազանդության՝ «երբ ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք հրաժարվեն հարկեր վճարել, կառավարությունն ինչպե՞ս պետք է աշխատի, եթե պետբյուջե դադարեն միջոցներ մուտքագրվել»:

Սարգսյանն իր պատասխանում նշեց, թե հասկանում է, որ Զարուհի Փոստանջյանն ակնարկում է տարիներ առաջ իր հեղինակած «Ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն» հոդվածը: «Դրանում տրամաբանությունը հետեւյալն է՝ ցանկացած հեղափոխություն սկսվում է մտածողությունից», — ասաց Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ եթե այդ մտածողության հեղափոխությունը տեսնի, հետեւություն կանի, որ կյանքում կարելի է կիրառել այն: «Ցավոք, չեմ տեսնում այդ կարգի հեղափոխություն հրապարակում»: Ինչ վերաբերում է քաղաքացիական անհնազանդությունը, ապա, ըստ վարչապետի, օրենսդրությունը համապատասխան պատիժներ է սահմանում հարկատվությունից խուսափող սուբյեկտների համար:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Ցանկանում եմ հեռանալ «Շախտյորից»’
Հաջորդ հոդվածը‘Վիթխարի առնետը կծել է Հարավաֆրիկյան Հանրապետության ընդդիմության առաջնորդին’