‘ Տիգրան Սարգսյանը կենսաթոշակային «բարեփոխումները» համեմատել է ԱՊՊԱ-ի հետ ‘

827

Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը մշակվել է շուրջ տասը տարի, լավագույն մասնագետների ներգրավվածությամբ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ, նոյեմբերի 29-ին Դիլիջանում լրագրողներին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք հաշվի ենք առել մեր ընդդիմախոսների կարծիքները, որի արդյունքում էլ մշակվել է հայեցակարգը: Մենք ցանկանում ենք առաջ գնալ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների պահանջներին համապատասխան: Մենք վճռական ենք մեր բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հարցում», — ոչ ավել, ոչ պակաս ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա հայտարարել է, թե ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ ևս կային դժգոհություններ, սակայն համակարգի ներդրումից ընդամենը երկու եռամսյակ անց հասարակությունն զգաց դրա ներդրման «արդյունավետությունը»:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում կներդրվի 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգի ներդրման նախապատրաստական փուլին կառավարությունը ծախսեց մոտ 10 տարի: Դրա կամավոր տարբերակը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: Համակարգի պարտադիր դարձնելու դեմ քաղաքացիներն արդեն քանի շաբաթ ակտիվ պայքար են մղում: Աժ ոչ իշխանական պատգամավորները անգամ արտահերթ նիստ էին հրավիրել այդ հարցով, սակայն Տիգրան եւ Սերժ Սարգսյանների ՀՀԿ-ի բոյկոտի պատճառով՝ նիստը չի կայացել: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի եւ Իսպանիայի ղեկավարների հետ’
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնում եւ Էրեբունիում ջուր չի լինի’