‘Տիգրան Սարգսյանը «ոնց որ խառնում ա սաղ»’

1341

ԱՄՆ-ում գտնվող Տիգրան Սարգսյանը հասցրել է արդեն հայտնվել անհարմար վիճակում՝ իր հայտարարությունների կապակցությամբ: Բայց այսօր վերջինիս մամլո ծառայության կողմից տարածվեց մի հաղորդագրություն, որն է՛լ ավելի անհարմար վիճակի մեջ դրեց Տիգրան Սարգսյանին: Պարզվում է, ընդամենը երկու օրվա մեջ Տիգրան Սարգսյանը հասցրել է իրար հակասող երկու հայտարարություններ անել:

Այսպես, նախօրեին Տիգրան Սարգսյանն այցելել էր Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդարան, հանդիպել Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին խնդիրներին: Ահա թե ինչ է այդ հանդիպման մասին փոխանցում «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը:  Տիգրան Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ասել է, որ Հայաստանի բնակչության մոտ 35 տոկոսն աղքատ է, և որ Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում այդ խնդիրը լուծելու համար: Ապա, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանում այդքան շատ աղքատներ՝ Տիգրան Սարգսյանը կրկնել է արդեն մի անգամ արտահայտած իր այն միտքը, որ աղքատ են նաև՝ որովհետև գիտելիքների պակաս կա

Իսկ ահա մեկ այլ՝ թարմ հաղորդագրություն, որը կառավարության մամլո ծառայությունը տարածել է այսօր: Ըստ այդմ՝ ԱՄՆ Սան Հոզե քաղաքում մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովը, որին մասնակցել է նաև Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։ ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին և երախտագիտության խոսքեր հայտնելով միջոցառման կազմակերպման համար` Սարգսյանը նշել է. «Տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ, որոնք պարտավոր ենք օգտագործել: Դա, առաջին հերթին, բնակչության բարձր կրթական մակարդակն է, խորհրդային տարիներին ձևավորված մաթեմատիկայի և բնական գիտությունների դասավանդման լավ ավանդույթներն ու տվյալ ոլորտում բավական ամուր համալսարանական ներուժը»: 

Տիգրան Սարգսյանը, փաստորեն երկու օրվա ընթացքում հասցրել է իրար հակասող երկու հայտարարություն անել: Մի տեղ ասում է, թե մարդիկ Հայաստանում աղքատ են ապրում նաև՝ որովհետև գիտելիքի պակաս կա, հաջորդ օրը հայտարարում է, թե Հայաստանը տարածաշրջանում առավելություն ունի՝ առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակի շնորհիվ:

Ինչպես կասեր հայտնի հոլովակի պետավտոտեսուչը, Տիգրան Սարգսյանը արդեն «ոնց որ խառնում ա սաղ»: 

Նախորդ հոդվածը‘Սիրված արվեստագետին հրաժեշտ տվեցին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստը’