‘Տիգրան Սարգսյանը ցավում է Ուկրաինայի համար’

781

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար:

«Գաղտնիք չէ` Ուկրաինան մեզ համար բարեկամ, եղբայրական երկիր է, եւ մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շուտ լուծումներ գտնվեն եւ նորմալ գործընթացները վերականգնվեն: Մենք ցանկանում ենք մեր գործընկերներին, որ այդ քաղաքական ճգնաժամը հնարավորինս շուտ հաղթահարվի», — այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով iLur.am-ի հարցին, հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ, վարչապետի խոսքով, Ուկրաինայի «սցենարը» «չի սպառնում Հայաստանին» մի քանի պատճառներով:

«Առաջին պատճառը կայանում է նրանում, որ մեր քաղաքական թիմի եւ նրա ղեկավարի դիրքորոշումը միշտ եղել է հետեւյալը, որ մենք պետք է կառուցենք  երկխոսության կամուրջներ մեր ընդդիմախոսների հետ` լինի պառլամենտում թե պառլամենտից դուրս», — նշեց կառավարության ղեկավարը: Բացի դրանից, ըստ նրա, իշխանությունն «առաջինն է բարձրաձայնում երկրում գոյություն ունեցող տնտեսական խնդիրները»:

Երրորդ, եւ, ըստ Տիգրան Սարգսյանի, ամենակարեւոր պատճառն այն է, որ Հայաստանի ժողովուրդն «անցել է այդ բոլոր ճանապարհներով եւ դա իշխանությունների ու անխտիր բոլոր կուսակցությունների համար դաս է եղել»:  

«Համոզված եմ , որ եւ կուսակցությունները եւ ժողովուրդը իր իմաստությունը եւ շրջահայեցությունը կդրսեւորի նաեւ այս պարագայում», — ասաց Սարգսյանը:

Մինչեւ վերջերս եվրաինտեգրացիայի ջատագով Տիգրան Սարգսյանի խոսքով, Ուկրաինական սցենարը Հայաստանում բացառված է նաեւ այն պատճառով, որ Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը կողմ է Մաքսային միությանն անդամակցելու կուրսին:

Նախորդ հոդվածը‘2013-ին բռնագրավվել է 98 կգ թմրամիջոց ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի բանկերն ամենից շատ վարկավորում են սպառողական ոլորտը’