‘Տիգրան Սարգսյանի «ուչենիկը» ակնհայտորեն սուտ է ասում. Մամուլ’

1197

Բանից պարզվում է՝ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում Հայաստանում ընդամենը երկուսուկես տոկոս հավելյալ գնաճ է արձանագրվելու: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն է ասել: Մարդը մտածել-մտածել ու թիվ է կրակել: Ինչքան չլինի՝ Տիգրան Սարգսյանի «ուչենիկն» է: Իսկ թե ոնց է պատահում, որ էլեկտրաէներգիան թանկանում է 27 տոկոսով, գազը՝ 18 տոկոսով, իսկ գնաճն ավելանում է ընդամենը 2,5 տոկոսով, հասկանալի է. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ «մեթոդաբանությամբ» են հաշվում գնաճը:

Գիտե՞ք, թե ոնց են հաշվում: Մոտավորապես այսպես. գազը թանկացել է 18 տոկոս, իտալական կոշիկը՝ 2 տոկոսով, միջին գնաճը՝ 10 տոկոս: Ոչինչ, որ իտալական կոշիկ «սպառում է» բնակչության 1-2 տոկոսը, իսկ գազից ուզած-չուզած օգտվում են բոլորը: Մի խոսքով՝ սա բուժհաստատությունում հիվանդների  միջին ջերմությունը չափելու նման մի բան է: Իրականում շատ ավելի կարևոր է մեկ այլ ցուցանիշ՝ որքանո՞վ է թանկանալու կյանքը Հայաստանում: Բայց այս ցուցանիշի մասին ոչ մեկը չի ցանկանում խոսել: Տեսեք՝ ձմռան ամիսներին միջին վիճակագրական հայ ընտանիքն իր եկամուտների մոտ 50 տոկոսը ծախսում է գազի և էլեկտրաէներգիայի վրա: Եթե անգամ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով ուրիշ ոչինչ չթանկանա (ասենք՝ հացը, տրասնպորտը և այն), հենց միայն այդ թանկացումների արդյունքում միջին վիճակագրական հայ ընտանիքի ծախսերը կավելանան 12-13 տոկոսով: Եվ ոչ մի նշանակություն չունի՝ գնաճը 2 տոկոս է, թե 3: Առավել ևս՝ որևէ նշանակություն չունի, թե այդ մասին ինչ է ասում Տիգրան Սարգսյանի «ուչենիկը»: Մանավանդ որ ակնհայտորեն սուտ է ասում: Ինչպե՞ս կարող է հավելյալ գնաճն ընդամենը 2,5 տոկոս լինել, եթե գազն ու էլեկտրաէներգիան դեռ չթանկացած՝ այդ «շուխուռի տակ» արդեն իսկ համարյա ամեն ինչ մի 4-5 տոկոսով թանկացել է:

Լավ, ի՞նչ միջոցառումներ է նախատեսում կառավարությունն այս ամենի ազդեցությունը մեղմելու համար: Բացարձակապես ոչ մի: Ավելին՝ ոչինչ չանելը կարծես մտածված մարտավարություն է, պարզ ասած՝ «շոկային թերապիա»: Դրա էությունը մոտավորապես սա է. «մենք ընդհանրապես չենք խառնվում, գնացեք ոնց ուզում եք յոլ գնացեք, ով դիմացավ՝ դիմացավ, ով չդիմացավ՝ ուրեմն ճակատին էլ դա էր գրված, թող թույլերը վերանան, մնան միայն դիմացկունները, ու վերջում լավ կլինի»: Բայց Հայաստանի դեպքում սա չափազանց պարզունակ մոտեցում է, որովհետև գործնականում շոկային թերապիան ենթադրում է հետևալ ընթացքը. Հայաստանում սպառողական գները (կոմունալ ծախսեր, սննդամթերք, հագուստ, սպասարկում) կամաց-կամաց մոտենում են միջին եվրոպական գներին, հետևաբար՝ Հայաստանում ապրում են միայն նրանք, ովքեր ամսական վաստակում են գոնե 2 հազար եվրո (Եվրոպայում միջին աշխատավարձն այդքան է), իսկ նրանք, ովքեր ավելի քիչ են վաստակում, թողնում-գնում են: Արդյունքում, ըստ այդ «գաղափարի», Հայաստանը դառնում է «կուկլա» եվրոպական երկիր՝ մոտ մեկ միլիոն համեմամատաբար բարեկեցիկ բնակչությամբ և եվրոպական կենսամակարդակով: Բա իհարկե, եթե պոմիդորի կիլոգրամն արժենա երկու եվրո, նույնիսկ ամենածույլ գյուղացին նորմալ կապրի ու տարին մի անգամ էլ կհանգստանա Կանարյան կղզիներում: 

Արդյունքում Հայաստանն, իհարկե, կդատարկվի, բայց խնդիրը միայն դա չէ: Խնդիրն այն է, որ այս մոտեցումը հիմքի՛ց է սխալ: Օրինակ՝ եթե իշխանությունները բռնեն ու բնակչության՝ աղքատության շեմից ներքև ապրող 35 տոկոսին արտաքսեն Հայաստանից, դրա արդյունքում աղքատությունը չի վերանա, որովհետև կարճ ժամանակ անց երկրում մնացածների 35 տոկոսն աղքատ կդառնա: Բացի այդ էլ, եվրոպական երկրների վարչապետներն օֆշորային գոտիներում ընկերություններ չեն գրանցում ու դրանց միջոցով «քցում» գործարարներին, ոչ էլ նախագահներն են միլիոնավոր դոլարների «արվեստի ստեղծագործությունների հավաքածուներ» հայտարարագրում՝ այն դեպքում, երբ աշխատավարձով այդ ամենը ձեռք բերել հնարավոր չէ, իսկ օրենքն արգելում է նման «նվերներ» ընդունել և սեփականացնել:

Այնպես որ՝ Հայաստանի դեպքում «շոկային թերապիան» այլ նպատակներ է հետապնդում: Դրանով այս իշխանություններն ընդամենը քողարկում են իրենց պրոֆեսիոնալ տհասությունն ու երկիրը թալանելու վայրի մոլուցքը: Ուրիշ բացատրություն պարզապես չկա: Եվ ոչ մի նշանակություն չունի, թե ինչ է ասում կամ անում Տիգրան Սարգսյանը: Սա շոկային թերապիա է, որի ընթացքը ոչ մի լավ բան չի խոստանում:

Գրիգոր Ոսկանյան
«Չորրորդ ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘Բնապահպանական նոր աղետ. Հանքավայր կշագործվի Վայոց ձորում’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Ալեքսանյանին պատկանող դեղատանը ժամկետանց «Նարինե» չի՞ վաճառվում (լուսանկարներ)’