‘Տիգրան Սարգսյանի «սպիսոկը»’

1031

ՀՀ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչն օրերս հրապարակեց այն կազմակերպությունների ցանկը, որոնք չեն կարող մասնակցել պետական գնումների մրցույթին։ Պատճառն, ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանի, այն է, որ Կառավարության «սև» ցուցակում հայտնվածներն իբր հաջողությամբ չեն հանձնել պարտադիր արտաքին աուդիտ անցնելու «քննությունը»։ Տիգրան Սարգսյանն, ահա, այդ կազմակերպություններից գնումներ չի անի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես է վարչապետը տնօրինում պետբյուջեի փողերը և ինչ մեխանիզմներով է կազմակերպում պետգնումները, կարող ենք ասել, որ Ֆիննախը ներկայացրել է այն կազմակերպություններին, որոնք «ատկատային» հարաբերությունների մեջ չեն մտնի կառավարության հետ։ Այսինքն, թվով 203 կազմակերպություն «ատկատազերծ» լինելու յուրօրինակ աուդիտ է անցել։

Իսկ այն, որ բյուջեն «ատկատահան» է լինում, հաստատվել է մեր պետությունը ներկայացնող առնվազն երկու ինստիտուտի ղեկավարների հայտարարությամբ։ Այդ թեմայով նախագահական ընտրություններից առաջ խոսել է ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, իսկ նախագահական ընտրություններից հետո փաստեր ներկայացրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։

Ճիշտ է, տոկոս «խփելուց» հետո Սերժ Սարգսյանը պաշտպանության տակ առավ իր իսկ կողմից «ատկատների» համար մեղադրվող Տիգրան Սարգսյանին և քննադատության ենթարկեց «ատկատները» բացահայտած Իշխան Զաքարյանին, սակայն դա բան չի փոխում։ Բոլորի համար էլ պարզ է, որ օֆշորային գոտիների մեծ մասնագետ Տիգրան Սարգսյանի գործունեության հիմնական ոլորտը բյուջեն, դրսից բերած վարկերը և դրամաշնորհները «համապատասխան» ձևով տնօրինելն ու «վերևներին» գոհացնելն է։

Այնպես որ, Տիգրան Սարգսյանի «սպիսոկը» բավական ուշագրավ էր։ Մեզ հիմա հայտնի են այն կազմակերպությունները, որոնցից «ատկատ» չի ստանալու իշխանությունը։ Մնում է միայն հստակեցնել, թե ումից է ստացվում «ատկատը»։ Թեև պարզելը դժվար չէ. հերիք է միայն նայել, թե ումից է գնումներ անում կառավարությունը և վերջ։ Կարող եք չկասկածել. սրանք առանց անձնական «քյարի» որևէ մեկին պետպատվեր չեն տա։

Մնացած դեպքերում պետության մատակարարները Բաղրամյան 26–ի բնակիչներն ու նրանց բարեկամներն են։ Այդ դեպքում «ատկատ» չի լինում։ Սերժ Սարգսյանը հո ինքն իրենից «ատկատ» չի՞ վերցնելու։

Սևակ Մինասյան

www.7or.am

Նախորդ հոդվածը‘ԶՈՒ մայորը կալանավորվել է զինվորին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով’
Հաջորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյանը ազատվել է պաշտոնից. Շահերի բախում, թե՞ պաշտոնի բարձրացում’