‘Տիգրան Սարգսյան. Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի ‘

1052

Մենք պարբերաբար անդրադառնալու ենք սննդի անվտանգության խնդրին: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

«Մեզ դիմել են նաև պանրագործներ, որոնք այսօր ապահովում են ստանդարտների համապատասխան պանրի արտադրությունը և իրենց դժգոհությունն են հայտնում այն պանրագործների նկատմամբ, որոնք փորձում են խուսափել պատասխանատվությունից: Մեր նպատակը հետևյալն է՝ մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի: Մենք թույլ չենք տալու, որպեսզի առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի հայկական ընտանիքների սեղանին»,- ասաց վարչապետը: 

Նրա վստահեցմամբ՝ իրենք խստացրել են վերահսկողությունը, և նահանջ այս դաշտում չի լինելու, որևիցե ճնշում այդ առումով իրենց վրա չի ազդելու, հակառակը՝ խստացնելու են հսկողությունը սննդի անվտանգության նկատմամբ: 

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստի ժամանակ Սննդի անվտանգության վարչության պետ Աբրամ Բախչագուլյանը հայտարարել էր, թե պանիր արտադրող տնտեսվարող սուբյեկտների շրջանում ստուգումների արդյունքում թվով 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում շարունակվում են բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի զանգվածային ակցիաներ, հարձակումներ ոստիկանության բաժանմունքների վրա. Հորդանանում թանկացել են բենզինը և գազը ‘