‘Տիգրան Սարգսյան. Տարբեր ոլորտներում աշխատուժի պակաս կա ‘

891

Որակապես նոր խնդիրը, որ մեր առջև ծառանում է, այն է, որ մենք զգում ենք տարբեր ոլորտներում աշխատուժի պակաս: Ինչպես կառավարությունից հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ գործ ունենք կառուցվածքային գործազրկության խնդրի հետ:

«Այս խնդիրը մեր առջև շատ սուր դնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Ոլորտի՝ բարձր տեմպերով աճը վտանգվում է միայն մեկ պատճառով. անհրաժեշտ են աշխատանքային ռեսուրսներ: Ոլորտը տարեկան աճում է 15-20 տոկոսով, ձեռնարկությունների քանակն արդեն 300 է, մենք Արմեն Աշոտյանի հետ պայմանավորվել ենք, որ էապես ավելացնելու ենք պետական պատվերն այդ բնագավառում, բայց տեսնում ենք, որ աշխատուժի պակաս ունենք», — նշեց վարչապետը:

Ըստ նրա՝ աշխատուժի խնդիր կա նաև մարզերում: Նա դիմեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ հարցնելով, թե Վանաձորի քիմիական գործարանում ինչպես է վիճակը: Նախարարը պատասխանեց, որ մոտ 150 տարբեր պրոֆիլների մասնագետների կարիք կա: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հավելեց, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներում տարբեր ոլորտներում՝ տրանսպորտի, առողջապահական, սանմաքրման, մոտ 300 աշխատողների խնդիր կա:

Նախորդ հոդվածը‘«Օրվա նկարը» Օբամայից. Համբուրվող աշակերտները «փչացրել են» նախագահի լուսանկարը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը’