‘Տիգրան Սարգսյան. Օֆշորում հաշիվ բացելով փող չեն լվանում’

1654

Տիգրան Սարգսյանը փողերի լվացման մեխանիզմներին լավ ծանոթ է, եւ ըստ նրա՝ օֆշորային գոտիներում հաշիվ բացելը դրանց հետ կապ չունի: Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իր ունեցած ելույթում Սարգսյանը հիշեցրեց, որ ժամանակին մասնակցել է «Փողերի լվացման դեմ պայքարի» հայեցակարգի մշակմանը եւ «փոքր-ինչ տեղյակ է փողերի լվացման մեխանիզմներից»:

 Նրա գնահատմամբ՝ իրեն «օֆշորային սկանդալի մեջ ներքաշելու փորձերը» անհեթեթություն են:

«Որովհետեւ նման անհեթեթ սխեմա իմ մտքով չէր կարող անցնել: Ասում են, որ ես իմ անունով օֆշորային գոտում կազմակերպություն եմ ստեղծել՝ նպատակ ունենալով Հայաստանում խլել ինչ-որ մեկի բիզնեսը: Օֆշորային գոտիների մասին փոքր-ինչ պատկերացում ունեցող մարդը կվկայի, որ սա անհեթեթություն է», — Ազգային ժողովում 2012-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց վարչապետը: 

Ավելին, ըստ նրա՝ որեւիցե մեկի համար դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն ցանկացած մարդու անունով՝ չունենալով այդ մարդու թույլտվությունը: Դա, Տիգրան Սարգսյանի խոսքով, օֆշորային գոտիների առանձնահատկությունն է:

«Սա անհեթեթություն է, ես չեմ գրանցել որեւէ ձեռնարկություն, եւ որեւէ մեկին լիազորություն չեմ տվել, — կրկնեց Տիգրան Սարգսյանը: — Բոլորն էլ հասկանում են, որ էսպիսի ձեւերով փողեր չեն լվանում: Եթե ուզում եք մեկին վարկաբեկել, հիասքանչ ձեւ է եւ հնարավորություն՝ նրան մեղադրել օֆշորային սկանդալի մեջ»:

Որպես  «ալիբի»՝ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց մամուլում իր խոսնակի ներկայացրած հաշվետվությունն այն մասին, որ նույն օրը, երբ, ըստ «Հետքի», Տիգրան Սարգսյանի անունով կազմակերպություն է բացվել Կիպրոսում, ինքը  եղել է Չեխիայում: «Րոպե առ րոպե ներկայացրել եմ հանրությանը այցի օրակարգը», — նշեց նա:

Տիգրան Սարգսյանը նշեց նաեւ, որ հանգիստ է վերաբերվում իր անձին առնչվող, պարբերաբար ի հայտ եկող սկանդալներին, քանի որ դա, ըստ նրա, Հայաստանի դեմոկրատական զարգացման ցուցիչ է:

«Ուրախ եմ, որ թիրախը ես եմ: Ապագայում էլ պետք է պատրաստ լինեմ նման մեղադրանքների եւ հակադարձման, եթե մենք գործ ունենք զրպարտանքի եւ քաղաքական սպեկուլյացիաների հետ», — հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը ներկայացավ դատարան’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետին դատի են տվել’