Տիխանովսկայան Բելառուսում ռուսաստանյան զորքերի կիրառման վտանգ չի տեսնում

465

Կիրակի օրը Նյու Յորքում և մերձակա քաղաքներում բնակվող մի քանի հարյուր բելառուսցիներ հավաքվել են Բեթերի պուրակում՝ Գուձոնի ափին, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը։

Այն հարցին, թե արդյո՞ք նախագահի նախկին թեկնածուն մտավախություն չունի, թե ռուսաստանցի զինվորականները կարող են օգտագործվել ընդդիմության դեմ, Տիխանովսկայան հայտարարել է, թե նման վտանգ չի տեսնում։

«Ես մասնագետ չեմ։ Մենք փորձում ենք շփվել նրանց հետ, ովքեր հասկանում են զինվորական գործից։ Չեմ կարծում, թե նման սպառնալիք կա»,- հավելել է Տիխանովսկայան։

Օգոստոսին, երբ Բելառուսում բողոքի ցույցերը գագաթնակետին էին հասել, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իրավապահ մարմինների աշխատակիցների պահեստազոր է ստեղծել Բելառուսին օգնելու համար, որը կգործի անհրաժեշտության դեպքում։ Ընդ որում՝ նա նշել էր, որ ռուսաստանյան ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանները և չեն սկսել կողոպուտը։ Պուտինն ընդգծել էր, որ դա արել է Բելառուսի նախագահի խնդրանքով։

Իսկ սեպտեմբերին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ռուսաստանյան իրավապահ մարմինների պահեստազորը չի օգտագործվել, և «տա աստված՝ չօգտագործվի»։

Հանդիպման ընթացքում Տիխանովսկայային հարցրել են, թե արդյո՞ք իր կամ իր շտաբի անդամներից որևէ մեկի հետ հանդիպել է ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը, Տիխանովսկայան կարճ պատասխանել է՝ «Ոչ»։

Բելառուսի ընդդիմության առաջնորդն արդեն ասել է, որ կուզենար երկխոսել Մոսկվայի հետ, բայց Մոսկվան այլ դիրքորոշում ունի այդ հարցում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկություն չունի նպաստելու փախստական ընդդիմադիրների օրինականացմանը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիպրոսի նախագահը չի առաջադրվի երրորդ ժամկետի համար
Հաջորդ հոդվածըՈւկրաինայում կոչ են անում պատրաստվել Դոնբասի ուժային ազատագրմանը